211652_close_icon
views-count2011 դիտում article-date 09:08 12-02-2025

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս․ ոստիկաններին հաջողվել է տեղում վնասազերծել նրան ու տեղափոխել հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 248 հասցեում գործող «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ապակին կոտրած է, արյան հետքեր կան և հնարավոր է հանցագործն այժմ ներսում է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ «Ինեկոբանկ»-ի ձեղնահարկի միջանցքից հայտնաբերել, ձերբակալել և գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 41-ամյա Ստանիսլավ Աստաֆուրովին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրան ժամը 01։25-ի սահմաններում «Ալկոհոլային հարբածություն, ձեռքերի դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը տեղափոխել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպիք վայր մեկնած ոստիկաններին բանկի անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ տվյալ անձը նշված կենտրոնի պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք է գործել  տարածք, սակայն այնտեղից գողություն կատարվել է, թէ ոչ, այս պահին չի կարող ասել, իսկ ապակին կոտրելու արդյունքում բանկին պատճառվել է մոտ 50 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր