211652_close_icon
views-count15094 դիտում article-date 19:54 12-02-2025

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար․ դեպքի վայրում  հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր և «բալոնչիկ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 12-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել, որի ժամանակ տեղի է ունեցել ավազակային հարձակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի և Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել և տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է տուժածին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում, զինված հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառվել վնասվածք և արձակել են երեք կրակոց ու հափշտակել են նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ  Ռոբերտ Վարդանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր