211652_close_icon
views-count72746 դիտում article-date 09:36 15-01-2014

Այս ձմեռ Հայաստանի բնակչությունն աստղաբաշխական գումարներ է վճարել գազից և էլեկտրաէներգիայից օգտվելու համար. ՀԺ

«Ինչպես և կանխատեսվում էր, այս ձմեռ ՀՀ բնակչությունն աստղաբաշխական գումարներ է վճարել գազից և էլէներգիայից օգտվելու համար։ Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերին ՀՀ բնակչությունն օգտագործել է 122 միլիոն խմ գազ։ Իսկ սա նշանակում է, որ մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում, այդքան գազի գումարային արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2012 թվականի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել է շուրջ 85 միլիոն խմ գազ։ Այն ժամանակ մեկ խմ գազի գինը 132 դրամ էր և հետևաբար ամբողջ բնակչությունը գազի դիմաց վճարել էր 11 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած, միայն գազի դիմաց այս դեկտեմբերին ազգովի վճարել ենք 8 միլիարդ դրամով ավելին քան անցած դեկտեմբերին։ Մոտ մեկ միլիարդ դրամով էլ աճել են էլէներգիայի դիմաց կատարած վճարումները։ Այսպիսով, այս դեկտեմբերը բնակչության վրա միայն էներգետիկ ծախսերի մասով 9 միլիարդով ավելի թանկ է նստել։ Նույն միտումը պահպանվելու է նաև հունվարին, քանի որ հունվարի առաջին կեսը նույնպես խստաշունչ է եղել։ Այսպիսով, միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին ընդհանուր բնակչության էներգետիկ ծախսերը 16-17 միլիարդ դրամով ավելին կլինեն քան անցած տարի էր։ Իսկ սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գազի և էլէներգիայի դիմաց վճարել է մոտ 6 հազար դրամ ավելին Միջին վիճակագրական՝ չորս հոգանոց ընտանիքի՝ միայն ջեռուցման ծախսը ավելացել է 24-25 հազար դրամով։ Պաշտոնական տվյալներով մոտ 33 տոկոս աղքատություն արձանագրած երկրի համար սա մեծ, չափազանց մեծ գումար է»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր