211652_close_icon
views-count3264 դիտում article-date 09:44 16-01-2014

Երևանի հենց սրտում կարող է խաղատնային համալի՞ր բացվել. Հրապարակ

«Թեպետ օրենսդրական հայտնի փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում: Մեր տեղեկություններով, երկրի մեծահարուստներից մի քանիսն այս շրջանում մտմտում են Երևանի հենց սրտում խաղատնային համալիր բացել, որը, բնականաբար, աստղաբաշխական եկամուտներ կապահովի տիրոջը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ին ուժի մեջ է մտել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով խաղատուն կամ շահումով խաղեր կարող են գործել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի քաղաքներում: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան ազատ տնտեսական գոտու» տարածքներում կամ Երևանից դուրս գտնվող հարակից տարածքներում կարող են խաղատներ բացել և շահումով խաղեր կազմակերպել միայն այն գործարարները, ովքեր կներդնեն 40 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար և կունենան կառավարության աջակցությունը: Նշենք, որ վերջերս նաև հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: ՀՀ կառավարությունն անցյալ տարվա վերջին հավանություն է տվել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին, որով թույլատրել է «Օնիրա քլաբ» ընկերությանը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի և հանգստի կենտրոն կառուցել` խաղատուն կամ շահումով խաղ, կամ ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար: «Օնիրա քլաբ» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ցանկում է»,-գրում է «Հրապարակ»-ը:

Նմանատիպ նյութեր