211652_close_icon
views-count2208 դիտում article-date 22:52 17-01-2014

Համաներում կիրառման արդյունքները

Համաներման ու ներման ինստիտուտներն պատմականորեն ունենալով վաղ ծագում իրենց զարգացման տարբեր ձևերն են ունեցել մարդկության զարգացման տարբեր ժամանակներում ու տարբեր հասարակարգերում, և իհարկե տարբեր դրսևորումներ են ունեցել նաև տարբեր ժողովուրդների մոտ: Համաներման ակտն ինքնին բազմաֆունկցիոնալ է, կարող է ունենալ քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական կամ այլ նպատակներ: Դրա բովանդակությունը պայմանավորված է երկրի քաղաքական և տնտեսական զարգացման առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են թողնում հանցավորության դեմ պայքարի առանձնահատկության վրա, ինչի արդյունքում տարբեր ժամանակներում տարբեր են լինում համաներման ծավալները և դրանց կիրառման ձևերը: Ինչու չէ, համաներում իրականացնելը կարող է պայմանավորված լինել տվյալ պետությունում այս կամ այն քաղաքական, տնտեսական կամ այլ ձեռքբերումներով: Եթե հին դարերում ներման կամ համաներման ինստիտուտների կիրառման լիազորությամբ օժտված իշխանության բարձրագույն մարմինները կամ պաշտոնատար անձինք դրսևորել են ներողամտություն իրենց իշխանական կամ անձնական նպատակներից ելնելով, ապա 21-րդ դարում համաներման հիմնական և առանցքային նպատակը մարդասիրությունն է: Դա այն դեպքում, երբ ներման կամ համաներման ինստիտուտների առկայությունը հարիր է հիմնականում քրիստոնյա ժողովուրդներին: Պատահական չէ, որ դեռևս Մխիթար Գոշի Դատաստանագրքի ամբողջ տրամաբանությունը կայանում էր ներողամտության դրսևորման մեջ (երեք սկզբունքները' առաջին հերթին ներիր, եթե կարող ես, մահապատժի մի ենթարկիր, այլ փոխարենը անդամահատիր, և ավելի խիստ պատիժը փոխարինիր ավելի մեղմ պատժով, և դա բացատրվում է նրանով, որ «ներելը' ուժեղների ձեռքի գործ է»): Իսկ ներման կամ համաներման նպատակը, ըստ էության, պետք է լինի նույնը կամ առնվազն համահունչ լինի, ինչը պատժի նպատակն է. դատապարտյալի ուղղումը, նոր հանցագործությունների կանխումը, սոցիալական արդարության վերականգնումը: Սոցիալական և իրավական նպատակներից ելնելով` համաներման ակտն ի տարբերություն այլ նորմատիվ իրավական ակտերի, իր իրավական բնույթով նպատակ չունի շտկելու և կամ փոփոխելու իրավունքի նորմերը, այլ դրա ընդունումը պետական մակարդակով ձեռնարկած միջոցառում է, որն ուղղված է կյանքի կոչելու քրեական այնպիսի քաղաքականություն, երբ հասարակական զարգացման որոշակի փուլում ինչ-որ չափով սպառված են լինում քրեական արդարադատության իրականացման ստանդարտ մոտեցումները և պետությունը միջոցներ է ձեռնարկում ավելի մարդասիրական, անհատի շահերի և համամարդկային արժեքների վրա հիմնված քրեական արդարադատություն իրականացնելու համար: Իրավական և տնտեսական նպատակներից ելնելով' համաներման ակտի ընդունմամբ մասամբ կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման հիմնախնդիրը: Եվրոպական գրեթե բոլոր երկրներում այս խնդիրը դեռևս մնում է ակտուալ, և Հայաստանի Հանրապետությունն այս առումով բացառություն չէ: (Խոշտանգումների եվրոպական կոմիտեի (CPT)` վերջին այցելությունների վերաբերյալ կազմված զեկույցներում ևս բանտերի գերբնակեցումը ներկայացվել է խնդիրներից ամենաակտուալը): Իսկ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման հիմնախնդրի լուծման նպատակով տեսական և գործնական, ինչպես նաև շարունակական և միակտանի տարբեր միջոցառումներից կարելի է՝ իր արագ արդյունավետության առումով, առանձնացնել համաներումը: Խնդրի կարգավորման նման «գործիքի» կիրառմանն են դիմում և դիմել հատկապես Արևելյան Եվրոպայի շատ երկրներ: Ինչ արդյունքներ կարելի է արձանագրել' ելնելով համաներման ակտի նշված նպատակներից: ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման ընդունմամբ մասամբ լուծվեց քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման հիմնախնդիրը. այսպես` 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 4686 դատապարտյալ և կալանավորված անձ, դա այն դեպքում, երբ ամբողջ հիմնարկների ընդհանուր լրակազմը (մարդկանց պահելու կարողությունը) 4395 է: Իսկ 2013թ. համաներման կիրառմամբ 2014թ. հունվարի 10-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 875 անձ (706 դատապարտյալ և 169 կալանավորված անձ): Համաներման կիրառման արդյունքում 1212 ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձ ազատվել է պատժի հետագա կրումից, իսկ 148 անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը համաներման ակտով սահմանված համապատասխան չափով կրճատվել է: Ներկայումս քրեակատարողական հիմնարկներում առկա է 3922 անձ: Համաներման ակտի 21-րդ կետի համաձայն' Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների ղեկավարները համաներման ակտը պետք է կիրառեն հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ: Եթե այս մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վերջինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում' չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն: Այս կապակցությամբ հատկանշականն այն է, որ սահմանված ժամկետում վերոհիշյալ պաշտոնյաները կատարել են իրենց պարտավորությունները, այսինքն` կատարել են համապատասխան հարցումները, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, որոնցով պայմանավորված` համաներման ակտը դեռևս չի կիրառվել (կամ պատասխանների արդյուքում կարող է նաև չկիրառվել) 59 դատապարտյալի նկատմամբ, որն էլ կիրականացվի և իրականացվում է համապատասխան հարցումների պատասխաններն ստանալուն պես: Համաներման կիրառման կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում ստացվել և քննարկվել է թվով 143 (որից 3-ը դեռ ընթացքի մեջ են) դիմում և բողոք պատիժ կրող դատապարտյալներից կամ նրանց հարազատներից (դրանցից մի մասն իրենց հերթին ուղղված են եղել համապատասխանաբար ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների համապատասխան պետերին): Այդ թվից մոտ 110 դիմումների գերակշիռ մասով հայցվել է տրամադրել տեղեկատվություն կոնկրետ դեպքերում համաներման կիրառելիության վերաբերյալ: Դիմումատուներին տրվել է համապատասխան տեղեկատվություն: Ներկայացված նաև մոտ 35 դիմում-բողոքների ևս սահմանված կարգով ընթացք և լուծում է տրվել: Բողոքների մեծ մասը վերաբերել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են. չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը, կամ կամ չարամիտ խախտող են համարվել, կամ տվյալ հանցանքների կապակցությամբ համաներման ակտով սահմանված են եղել համապատասխան սահմանափակումներ: Դատական կարգով բողոքարկվել է համաներման կիրառման կամ չկիրառման 79-ը (որից 2-ը` ազատության հետ չկապված պատժի դատապարտված անձիք) դեպք, որոնցից 5-ը (որից 2-ը' ազատության հետ չկապված պատժի դատապարտված անձիք) դատական կարգով ստացել են իրենց լուծումները, իսկ 74-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում: Այս պարագայում հատկանշական մի հանգամանք ևս. ներկայացված թվաքանակը ներառում է միայն ՀՀ արդարադատության նախարարության իրավասու պաշտոնյաների գործողությունները: Համաներման ակտի կիրառման ընթացքում դրա կիրառման կապակցությամբ խնդրահարույց հիմնախնդիրներ չեն ծագել և եղածները կարելի է պայմանականորեն համարել ընթացիկ բնույթ կրող: ՀՀ արդարադատության նախարարություն

Նմանատիպ նյութեր