211652_close_icon
views-count1322 դիտում article-date 13:45 31-01-2014

Վայոց Ձորի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան

Վայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազմակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ բատիկայի դասընթացը բավականին արդյունավետ էր։ Մասնավորապես, դասընթացի մասնակիցներից մեկն իր աշխատանքները ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպված հայ-իրանական մշակութային ցուցահանդեսին, որտեղ էլ դրանցից մեկը վաճառվել է։ Այսքանով, սակայն, վայոցձորցի երիտասարդների հաջողությունները չեն սահմանափակվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցներից Սյուզան Մարգարյանը վերջերս, համագործակցելով համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչների հետ, ստացել է ավելի քան 4000 շարֆի, բատիկայով ձևավորված այլ իրերի պատվեր։ Սյուզան Մարգարյանը նշում է, որ պարային օլիմպիադան անցկացվելու է ապրիլի 29-ից մայիսի 10-ը Մոսկվայում, և ՀԵՀ-ի կազմակերպած բատիկայի դասընթացի մյուս մասնակիցներից ձևավորել է աշխատանքային խումբ՝ պատվերը ժամանակին հասցնելու համար։ Առաջին խմբաքանակն առաջիկա օրերին արդեն կուղարկեն պատվիրատուներին։ Սյուզանը նկատում է նաև, որ բատիկան դրսում մեծ պահանջարկ ունի և շատ ավելի բարձր է գնահատվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցները որոշել են. հետևողական են լինելու և դիմելու են տարբեր կազմակերպությունների՝ առաջարկելով իրենց աշխատանքը։ ՀԵՀ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշեց նաև, որ մարզում տարբեր արհեստների դասավանդումը մեծ պահանջարկ ունի երիտասարդների շրջանում։ Հիմնադրամն առաջիկայում ծրագրում է անցկացնել պլաստիկ կավի անվճար դասընթաց սոցիալապես անապահով երիտասարդների համար։ Վերջիններս կսովորեն պատրաստել ականջօղեր, թևնոցներ, մատանիներ։ Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ այս բոլոր դասընթացները լրացուցիչ հմտություններ են փոխանցում երիտասարդներին, ինչը հետագայում նրանց կօգնի աշխատանք գտնելու և գումար վաստակելու հարցում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր