211652_close_icon
views-count1208 դիտում article-date 12:25 05-02-2014

«Արմթաբ» պլանշետը հայերեն կրթական բովանդակությամբ

«Արմթաբ» պլանշետը հայկական է լինելու նաև կրթական բովանդակությամբ, որը կկիրառվի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում: Այդ մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հայկական առաջին «Արմթաբ» պլանշետի շնորհանդեսին: Նախարարն ասել է, որ «Արմթաբ»-ի հայտնվելը մեկ տարով մոտեցրել է Կառավարության` պլանշետները դպրոցներում ներդնելու ծրագիրը, որը նախատեսված էր 2016թ.-ի սեպտեմբերի 1-ից գործարկելու համար: «Մենք կարծում ենք, որ «Արմթաբ»-ը հայկական է լինելու ոչ միայն իր արտադրական առանձնահատկություններով, այլ այն հայկական պետք է դառնա այն միջավայրով, այն բովանդակությամբ, որը պետք է դրվի այդ գործիքի մեջ,իհարկե, նախևառաջ կրթական բովանդակությամբ»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ հայկական կրթական համակարգչային ծրագրեր վերջին տարիներին շատ են մշակվում, սակայն այդ գործիքի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում կստեղծվի միասնական կրթական բովանդակություն դպրոցների տարրական դասարանների համար: «Պլանշետը սառցաբեկորի գագաթն է ընդամենը այս աշխատանքի, որն իրականում տարվել և տարվելու է ձեզ համար շատ հաճախ անտեսանելի ուղղություններով»,- նշել է ԿԳ նախարարը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու պլանշետն արտադրող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը ստորագրել են Հայաստանում վերոնշյալ կրթական նախաձեռնության ներդրման հուշագիր: ««Հայկական մեկ պլանշետ` մեկ երեխա» ծրագիրը պետք է դառնա լավագույն ծրագրերից մեկը` համաշխարհային մասշտաբով մի շարք երկրներում իրականացվող նմանատիպ ծրագրերի շարքում: Կարծում եմ, մենք դեռ այստեղ և' աշխատելու, և' հաջողությունների ակնկալիք ունենք»,- ասել է նախարարը:

Նմանատիպ նյութեր