211652_close_icon
views-count4825 դիտում article-date 16:53 07-02-2014

Ծանոթի սպանության համար դատապարտված երգիչ Կարեն Հակոբյանը հնարավոր է՝ դիմի Եվրադատարան

Ծանոթի՝ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության համար 9 տարվա ազատազրկման դատապարտված երգիչ Կարեն Հակոբյանը հնարավոր է դիմի Եվրադատարան: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչի փաստաբանը` Մկրտիչ Վասակյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը իրենց բողոքը հետ է ուղարկել, որով պահանջում էին ավելի մեղմ պատիժ նշանակել: «Դե, հնարավոր էր մինիմալ` 6 տարվա ազատազրկման դատապարտել»,- ընդգծեց փաստաբանը: Նա նաեւ ավելացրեց, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Կարենին եւ վերջնական որոշում կկայացնեն: 2010 թվականի ապրիլին Կարեն Հակոբյանի ազգական, Աշտարակ քաղաքի բնակիչ, քրեական գործով վկա Արման Ալեքսանյանի եւ հանգուցյալ Արամ Հովակիմյանի բանավոր պայմանավորվածությամբ, Արման Ալեքսանյանը 3 հազար ՀՀ դրամ օրավարձով սկսել է վարել Արամ Հովակիմյանին պատկանող ավտոմեքենան: 2011 թվականի գարնանը ավտոմեքենան վթարի է ենթարկվել եւ Ալեքսանյանը պարտավորվել է իր միջոցներով այն վերանորոգել: Ավելի ուշ Արամ Հովակիմյանը Արման Ալեքսանյանից պահանջել է 200 հազար դրամ, Արման Ալեքսանյանն առարկել է նրան՝ հայտնելով, որ իրականում նշված գումարն ուռճացված է: Ստեղծված իրավիճակին լուծում տալու համար Արմանը զանգահարել է ԱՄՆ-ում բնակվող Կարեն Հակոբյանին եւ նրան ներկայացրել ստեղծված իրավիճակը: Կարեն Հակոբյանը, հաշվի առնելով Հովակիմյանի հետ մտերիմ լինելու, ինչպես նաեւ իր կնոջ ազգական լինելու հանգամանքները, ավելորդ կոնֆլիկտներ չլինելու պատճառով նշված գումարն ուղարկել է վերջինիս: Որոշ ժամանակ անց երգիչը Ալեքսանյանից տեղեկացել է, որ Հովակիմյանը նորից հանդիպել է նրան, հայտնել, որ սխալ հաշվարկ է կատարել եւ նրանից պահանջել եւս 90 հազար դրամ գումար եւ այդ հարցի շուրջ շարունակաբար հեռախոսազրույցներ են ունեցել: 2012 թվականի փետրվարին, երբ Կարեն Հակոբյանը վերադարձել է Աշտարակ, տեղեկացել է, որ Հովակիմյանն իր հասցեին անվայել եւ վարկաբեկող արտահայտություններ է արել: 2012թ. մայիսի 8-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, երբ Կարեն Հակոբյանը գնացել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 29 հասցեի շենքի մոտակայքում գտնվող բակային տարածք, նրանք հանդիպել են եւ վիճաբանության ընթացքում Հակոբյանն իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է Հովակիմյանի ոտքերին եւ ստորին վերջույթներին: Վերջինս մահացել է հիվանդանոցում, ինչի համար Կ. Հակոբյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր