211652_close_icon
views-count1298 դիտում article-date 13:55 08-02-2014

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ. ֆոտոշարք

Փետրվարի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Անդրադառնալով ծառայության գործունեության մեջ դեռևս առկա թերություններին ու բացթողումներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա և ընդգրկուն շփում ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ոստիկանության պետը դժգոհություն հայտնեց, որ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել, և հավաստիացրեց, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար: Վլադիմիր Գասպարյանը փաստեց, որ ոստիկանության անձնակազմի գերակշիռ մասն ընկալել է նորացման գործընթացն անշրջելի դարձնելու սկզբունքը, սակայն կան նորին ընդդիմացողներ, որոնց վարքը հասարակական կարծիք է ստեղծում, կան մարտնչող տգիտության դրսևորումներ, վերջապես՝ կան անտարբերներ, որոնք իրենց կողքին հանդուրժում են խորթ ու մերժելի երևույթները: Ճանապարհային ոստիկանության գործունեությունն արագ և անշրջելիորեն բարեփոխելու համար Վլադիմիր Գասպարյանը ծառայության ու ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց առավել հետևողական աշխատանք ենթակաների հետ՝ անհատական պատասխանատվության սկզբունքով: Վլադիմիր Գասպարյանը ծառայության պատասխանատուներին հրահանգեց սկսել մայրաքաղաքում փուլ առ փուլ պարեկային ծառայության անցնելու ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է բազմագործառույթ, բարձր պատրաստականությամբ, օտար լեզուների իմացությամբ անձնակազմերի պարեկում՝ ճանապարհային ոստիկանության ծառայությանը զուգահեռ, ինչը թույլ կտա, նաև հասարակական կարծիքը հաշվի առնելով, ընտրել մոդելներից լավագույնը: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գործող հանձնաժողովներում պարտադիր ներգրավել ոլորտի մասնագետներին և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր