3594 դիտում
19:48 09-02-2014
Բախվել են բարմենի ВАЗ 2101-ն ու հուշարձանների պահպանության պետի տեղակալի BMW-ն. կա վիրավոր
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` փետրվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 23:30-ի սահմաններում, Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 15 հասցեի դիմաց բախվել են նույն թաղամասի բնակիչ 25-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 29 ԼՏ 831 համարանիշի և Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ 47-ամյա Արթուր Հարությունյանի վարած BMW մակնիշի 69 PP 690 համարանիշի ավտոմեքենաները :
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի ուղևոր Սիլիկյան թաղամասի բնակիչ 63-ամյա Ալվարդ Թունթունջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով Ռ. Աբրահամյանն աշխատում է Մեղեդի սրճարանում` որպես բարմեն, իսկ Ա. Հարությունյանը` հուշարձանների պահպանության մարզային վարչության պետի տեղակալ:
Քննիչի հանձնարարակնով մեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: