211652_close_icon
views-count1257 դիտում article-date 11:20 18-02-2014

Արթուր Բաղդասարյանը Հայաստանում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ է գումարել

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստում հանգամանալից քննարկվել է <<Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման>> հայեցակարգի նախագիծը: Նշվել է, որ ուսումնասիրվել է այլընտրանքային պատիժներ նշանակելու վերաբերյալ միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության անդամ պետությունների՝ հաշվի առնելով այդ երկրների վերջին տարիների սոցիալ-տնտեսական առաջընթացը: Որոշվել է հավանության արժանացնել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել հաստատման Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում: Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշել է.<<Այսօր մենք հավանության արժանացրեցինք մի փաստաթուղթ, որը առաջիկայում կներկայացվի ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը: Հայաստանում պրոբացիոն ծառայության հիմնումը օժտված է կարևոր հանրային և սոցիալական նշանակությամբ: Ես համոզված եմ, որ պրոբացիոն ծառայության հիմնումով մեր երկրում այլևս նոր հայացք կնետենք արդարադատության խնդիրներին: Այն հնարավորություն կտա որպեսզի ուղղիչ աշխատանքային հաստատություններից ազատվեն թեթև զանցանքների համար դատապարտված մարդիկ, այն հնարավորություն կտա, որ այսուհետ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող արարքների համար մարդիկ չդատապարտվեն ազատազրկման, կարողանան իրենց պատիժը կրել ազատության մեջ, բայց նաև պետության խիստ վարչական վերահսկողության ներքո, այնպես, ինչպես կատարվում է քաղաքակիրթ երկրներում>>: Նիստում անդրադարձ եղավ պրոբացիոն ծառայության ներդրմանն առնչվող այլ հարցերի ևս:

Նմանատիպ նյութեր