211652_close_icon
views-count1496 դիտում article-date 17:49 18-02-2014

ԱԺ-ում քննարկվել է «Ոստիկանական պահպանության մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը

Փետրվարի 18-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Ոստիկանական պահպանության մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նրա գնահատմամբ՝ նախագծերի ընդունման արդյունքում ոստիկանական պահպանությունը կսահմանվի որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, կտարանջատվեն ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտները, աստիճանաբար կսահամափակվի ոստիկանության ներգրավվածությունը մասնավոր օբյեկտների պահպանության շուկայում, կհստակեցվեն ոստիկանական պահպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, օրենքով կամրագրվի ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների եւ ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը, կերաշխավորվի կարեւորագույն նշանակության օբյեկտների պարտադիր պահպանությունը: Օրինագծով սահմանվում է նաեւ, որ մինչեւ 2018 թվականը ոստիկանությունը պահպանություն կարող է իրականացվել նաեւ մասնավոր այլ ոլորտներում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավոր պահնորդական լիցենզավորված կազմակերպությունների գործունեությունը եւ դրա իրավական կարգավորման մեխանիզմները դեռեւս կայացման եւ անցումային փուլում են: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը, ոլորտի օրենսդրական կարգավորման տեսանկյունից կարեւորելով նախագիծը, մտահոգություն հայտնեցին, որ ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտների շահերի որոշակի բախում կա: Ըստ նրանց՝ այդ ծառայությունները պետք է տարանջատել եւ հստակ կանոնակարգել պահպանության ձեւերին առնչվող հարաբերությունները: Կորյուն Նահապետյանն ասաց, որ հանձնաժողովը հիմնախնդրի հետ կապված աշխատանքային քննարկումներ կանցկացնի: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի փաթեթին՝ ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար: Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ օրենքի այս նախագծի ընդունումով հիմք է դրվելու ռազմարդյունաբերության ոլորտը համակարգող միասնական նորմատիվ իրավական կարգավորմանը, որը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները եւ զարգացումը: Կկարգավորվեն նաեւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, գործադիր մարմինների միջեւ հարաբերությունները պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձեւավորման, իրականացման հարցերում, պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին, ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով: Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Հանձնաժողովի նիստի օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը: Հանձնաժողովի անդամները միաձայն ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Աբրահամ Մանուկյանին: Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի Դավիթ Հարությունյանի, Կարինե Պողոսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրենքի նախագծում կատարվել է մեկ ճշգրտող լրացում, այն է՝ «Դատարանի օրինական վճռով գործատուի եւ աշխատողի միջեւ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից»: Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ընդգրկելու փետրվարի 24-27-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նմանատիպ նյութեր