5756 դիտում
21:06 18-02-2014
Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Երևան Սիթիի» մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան և դիմել փախուստի
Այսօր` փետրվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Գայի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Նազարբեկյան փողոցի բնակիչ 13-ամյա Ինա Ազիզյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը, երեխային թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: