211652_close_icon
views-count1037 դիտում article-date 15:48 19-02-2014

ԼՂՀ նախագահը մասնակցել է ԼՂՀ ԱԳՆ-ի 2014թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը և հանձնարարականներ տվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2013թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2014թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը: Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Արցախի արտաքին քաղաքականության հիմքում այսուհետ էլ կլինի բազմաուղղվածությունը՝ ազդեցիկ պետությունների եւ ուժային կենտրոնների հետ փոխլրացման վրա հիմնված հավասարակշռված քաղաքականության վարումը: Բակո Սահակյանի խոսքով` Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը՝ սպառնալով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը: Խոսելով խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն հետեւողական է լինելու բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում, այդ թվում՝ շահագրգիռ ատյաններում բարձրաձայնելով, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության բանակցությունների բոլոր փուլերին անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման: Անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին՝ Նախագահը նշել է, որ այստեղ տեսանելի են դրական զարգացումներ, ինչը եւ ոգեւորիչ է, եւ պարտավորեցնող: Ոգեւորիչ` այն առումով, որ Արցախի հանրապետության ճանաչման գործընթացն առաջ է ընթանում եւ վկայում է նրա կայացած ժողովրդավարական պետություն լինելու մասին` միաժամանակ հանդիսանալով Արցախի միջազգային ճանաչման կարեւոր հիմքերից մեկը: Պարտավորեցնող, որովհետեւ գրանցված դրական դինամիկան անհրաժեշտ է պահպանել նաեւ հետագայում: Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել արտաքին գործերի նախարարության ներսում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, առկա թերությունների վերացման ուղղությամբ՝ հավելելով, որ պետությունն էլ իր հերթին կանի հնարավորը գերատեսչության առջեւ ծառացած խնդիրների, անձնակազմի աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման հարցերի լուծմանն աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր