1184 դիտում
18:00 20-02-2014
Ինչպես կործանել քաղաքակրթությունը
Տարածված կարծիք կա, թե քաղաքակրթությունը կործանվում է հասարակության բարոյազրկման, բարքերի անկման պատճառով: Այսինքն եթե հասարակության ավանդույթները չեն պահպանվում, ապա քաղաքակրթությունը կործանվում և իր տեղը զիջում է բարձրացողին: Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է հակառակը: Քաղաքակրթությունը կործանվում է ավանդույթներին խստորեն կառչած մնալու և մեծ փոփոխությունների դեմ պատերազմի դրոշ պարզելու պատճառով:
Պարզ ասած քաղաքակրթությունները կործանվում են օրենքի և ավանդույթի միջև պատերազմի ժամանակ ավանդույթին կառչած մնալու պատճառով: Մեծ հաշվով՝ ավանդույթը և օրենքը միասնության և պայքարի մեջ են: Օրենքն ընդունվելուց որոշ ժամանակ անց վեր է ածվում ավանդույթի: Հետո գալիս է հաջորդ օրենսդիրը և փորձում ժամանակի պահանջով փոխել այն: Ահա այդ ժամանակ իրեն ավանդապահ կոչողը սկսում է դիմադրել՝ կառչելով դարն ապրած ավանդույթից:
Եթե հնի և նորի միջև պայքարը փոխըմբռնման չի արժանանում, ապա տեղի է ունենում հեղափոխություն, որը կործանում է պետությունը, որի հետ մեկտեղ քաղաքակրթական արժեքները և հաստատում նոր քաղաքակրթություն: Իսկ եթե հնարավոր է լինում հասնել փոխըմբռնման, ապա մի քաղաքակրթությունից մյուսին անցումը լինում սահուն: Դա կոչվում է պահպանողական անցում, որը հնից վերցնում է ժամանակին և իրականությանը ներդաշնակ արժեքները, իսկ մնացածը նետում պատմության աղբանոց:
Իրականում ավանդապահությունը բռնապետական ռեժիմների գործիքներից է: Դրանով ռեժիմն իր կողմն է գրավում տարեց, տգետ, աղքատ, կիսաքաղց, ընկճված, վախկոտ մարդկանց, որոնք խիստ ռեժիմի երկրի բնակչության ճնշող մեծամասնությունն են կազմում: Բռնապետական համակարգում քաղաքական-հասարակական արժեքն ու ավանդույթը խառնված են: Եվ այդ խառնուրդում մեծ տեղ է զբաղեցնում ավանդույթը, քանի որ բռնապետական արժեքների մեծ մասը կեղծ են և հակամարդկային:
Այդ գործիքը ռեժիմը հիմնականում կիրառում է հոգևոր իշխանության դեմ: Հոգևոր իշխանության ներկայացուցիչների՝ գրողների, գիտության և մշակույթի գործիչների դեմ հալածանքները բոլոր ժամանակներում ունեցել են միևնույն հիմնավորումը: Նրանք մեղադրվել են հասարակությանը բարոյազրկելու, ավանդույթները արհամարհելու, ընունված ավանդույթներին, պատկերացումներին խորթ մտքեր, գաղափարներ արտահայտելու, անծանոթ և վտանգավոր գույներ և ռիթմեր օգտագործելու մեջ:
Այսպիսով, եթե պետք է կործանել քաղաքակրթություն, ապա այն կրող ժողովրդի մեջ պիտի գտնել հիստերիկ, մեծամիտ, օտարամոլ գործիչների, և նրանց միջոցով բարձրացնել հասարակական ավանդույթների պահպանման խնդիրը: Ցանկալի է, որ նրանք վատ խոսեն տվյալ ժողովրդի մայրենիով: Չկա ավելի տպավորիչ բան, քան օտար լեզվով կամ շեշտադրությամբ հնչող ազգային ու բարոյական խրատը: Երբ խորթ երևույթը քննադատում է օտարը, դա անվիճելի ճշմարտության տպավորություն է թողնում:
Եթե պետք է կարճ ժամանակում կործանել քաղաքակրթությունը, ապա պետք է երիտասարդին տրամադրել ամեն նոր գաղափարի և գիտելիքի դեմ: Նա պիտի ատի լավ սովորողին, կարդացողին, պիտի զզվի ժամանակակից գրողից, երգչից, գիտնականից, և նրանցից, ովքեր իր նման չեն զզվում, չվստահի երիտասարդ քաղաքական գործչին և ապավինի իր զզվանքի ուժին: Այս հանգամանքների և արտաքին ակտիվ միջամտության առկայության դեպքում քաղաքակրթությունը կարելի է կործանել մի քանի տարում:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
10:23 29-11-2016
ՀՀԿ-ն և ամերիկյան քաղաքակրթությունը. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»