1216 դիտում
18:25 21-02-2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Հանրապետության ղեկավարը շրջել է աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության, երիտասարդական քաղաքականության, սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություններում և մի շարք այլ ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով և առաջիկա ծրագրերով, աշխատակիցների հետ զրուցել իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և զարգացման ծրագրերի մասին:
Նախարար Յուրի Վարդանյանը զեկուցել է 2013թ. նախարարության իրականացրած աշխատանքների, մարզական ձեռքբերումների, առկա խնդիրների և ընթացիկ տարում գործունեության հիմնական ուղղությունների ու նախատեսված ծրագրերի մասին:
Նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը զեկուցել է իր իրավասության ներքո գտնվող ոլորտում իրականացված աշխատանքների, այդ թվում՝ մարզադպրոցների ներկա վիճակի, խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ նախարարության մոտեցումների մասին:
Նախարարի մեկ այլ տեղակալ Խաչիկ Ասրյանը ներկայացրել է մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության ուղղությամբ վերջին տարիներին նախարարության կատարած աշխատանքները, անցկացրած զանգվածային մարզական միջոցառումներն ու դրանց արդյունքները, ինչպես նաև 2013-2017թթ. համար մշակված ծրագրերը:
Նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի զեկույցը վերաբերել է երիտասարդության հարցերի ոլորտում կատարված աշխատանքներին, տեղեկատվության ապահովմանը, դրամաշնորհային ծրագրերին և մշակված հայեցակարգերին:
Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մհեր Անանյանը զեկուցել է նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ:
Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին, պատասխանել նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին: Ընդգծելով, որ սպորտի, ֆիզիկական կուլտուրայի, առողջ ապրելակերպի տարածումը, երիտասարդության հարցերը պետության առաջնահերթություններից են, որտեղ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դերն առաջնային է, Հանրապետության Նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել այդ ուղղությամբ աշխատանքներն այսուհետ առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումով: Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակազմին հորդորել է ավելի ակտիվ և նախաձեռնողական լինել նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում, չպարփակվել աշխատասենյակներում, այլև դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում սեփական օրինակով, մեր լավագույն մարզիկների, լեգենդների, Սպորտի և երիտասարդության նախարարության պարագայում՝ այդպիսի լեգենդներից մեկի՝ նախարարի օրինակով քարոզել առողջ ապրելակերպ: Նախագահի խոսքով, Հայաստանն իրեն շռայլություն է թույլ տվել ունենալու սպորտի նախարար, ով սպորտի կենդանի լեգենդ է և պետք է հազարավոր երեխաների հերոսն ու նմանվելու իդեալը դառնա: Ըստ Նախագահի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այս իրողությունը: «Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա: Դուք պետք է անեք՝ փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար, ովքեր նախարարի աշխատակարգն են կազմում: Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահն իր խոսքում նախարարության ղեկավար անձնակազմին նաև կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ մեր երկրում սպորտի զարգացման: «Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որևէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որևէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ և ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»,-ընդգծել է Նախագահը:
Խորհրդակցության ավարտին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հրահանգիչ-մեթոդիստ Էդուարդ Թովմասյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության ֆիզիկական դաստիարակության քաղաքականության բաժնի պետ Էդուարդ Մանթաշյանը, աշխատակազմի ծրագրերի կառավարման վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ Աիդա Մարգարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
19:04 24-01-2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ
1624 դիտում
18:42 28-03-2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ղեկավար անձնակազմի հետ
2440 դիտում
15:53 15-04-2016
Վահե Էլոյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին