211652_close_icon
views-count1654 դիտում article-date 13:02 22-02-2014

Ավարտվել է Երևանի պատանի շախմատիստների առաջնությունը. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված Երևանի 8-16 տարեկան պատանիների առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով Երևանի 2014թ. պատանիների շախմատի առաջնության մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց. «Անկախ նրանից, թե ձեզանից յուրաքանչյուրն ինչպիսի արդյունք է արձանագրել այս առաջնությունում, ես ուզում եմ շնորհավորել բոլորիդ, քանի որ նման պատասխանատու առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճելն արդեն իսկ հաղթանակ է: Այս առաջնությունը կարևոր է նաև նրանով, որ հաղթողները Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի մասնակցության իրավունք են ստանում, ինչն արդեն իսկ դեպի մեծ շախմատ տանող ճանապարհի լուրջ քայլ է: Ուրախալի է, որ առաջնությունը տարեցտարի ավելի ընդգրկուն է դառնում ու գնալով ավելանում է մասնակիցների թիվը: Պետք է նշեմ, որ այս մարզաձևի զարգացման ու տարածման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում: Երևանում մենք արդեն ունենք 3 շախմատի դպրոց, այս տարի դրանց թիվը կավելանա ևս 5-ով: Եվ որ ամենակարևորն է, այս դպրոցները շախմատասեր փոքրիկների համար գործում են անվճար: Ես վստահ եմ, որ դուք, անկախ այսօրվա արդյունքներից, շարունակելու եք առավել նվիրված աշխատել ու մարզվել և ինչպիսի մրցաշարերի էլ որ մասնակցեք, միշտ բարձր եք պահելու Երևանի պատիվը»,- ընդգծել է քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը միշտ նրանց կողքին են լինելու և պատրաստ են անել հնարավորը՝ երևանյան մարզիկների հաջողություններն ամրապնդելու և նորանոր հաջողությունների հասնելուն աջակցելու ուղղությամբ: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանն իր հերթին, շնորհավորելով առաջնության մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում դրսևորած հստակ ու նպատակային քայլերի համար. «Երևանն օրեցօր դառնում է շատ ավելի շախմատային քաղաք, ինչը հենց Երևանի քաղաքապետի, այժմ նաև՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի շնորհիվ է: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ստանձնել եք այս կարևոր առաքելությունը և վստահ եմ, որ Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ առաջիկայում մենք նորանոր հաջողություններ կգրանցենք շախմատում»,- ընդգծել է Սմբատ Լպուտյանը: Երևան քաղաքի շախմատի 2014թ. պատանիների առաջնության մրցանակակիրներին Երևանի քաղաքապետը պարգևատրել է գավաթներով ու մեդալներով: Առաջնության հաղթողներն, ի դեպ, իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր