211652_close_icon
views-count1876 դիտում article-date 15:29 23-02-2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ, տոն, որն Արցախի անկախացումից հետո ձեռք է բերել նոր որակ, դարձել ավելի թանկ ու նվիրական մեր ժողովրդի համար: Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ու փառաբանում Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր քույրերին ու եղբայրներին, ում անունները ոսկե տառերով են գրվել մեր նորօրյա պատմության մեջ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին, ում խիզախությունն ու սխրանքը հայրենասիրության լավագույն օրինակ են սերունդների համար, մեր զինված ուժերի բոլոր գեներալներին, սպաներին ու զինվորներին, ովքեր պատվով ու անձնվիրաբար պաշտպանում են հայրենի երկրի սահմաններն ու հարազատ ժողովրդի անդորրը: Հայրենիքի պաշտպան է իրավամբ կոչվում յուրաքանչյուր արցախցի, ով ամուր կանգնած է իր հողի վրա, միշտ վառ է պահում պապենական օջախի կրակն ու իր հերոս նախնիների ազատատենչ ոգին: Ուստի այսօր տոն է բոլորիս համար: Թանկագին բարեկամներ, Այս հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր