211652_close_icon
views-count1866 դիտում article-date 22:00 27-02-2014

Դավաճանություն, թե՞ հերթական անլրջություն. ի՞նչ

Դավաճանության բազում ձևեր կան, և դրանցից ոչ մեկն էլ մյուսից անմեղադրելի չէ. այս ոչ-անմեղադրելի դավաճանություններից է նաև օտարամոլությունը, որի լավագույն արտահայտությունը նորածնին օտար անուն տալն է: Մահմեդական միջավայրում մարդու անունից ավելի կարևոր շեշտադրություն է ստանում նրա ում որդին լինելը, որն արտահայտվում է «էբն-այսինչ կամ այնինչ» և ապահովում նրա ազգային-ցեղային (նաև կրոնական) պատկանելիության գիտակցման որոշ մասը: Եվրոպական և լատինա-ամերիկյան միջավայրում մարդիկ մտածում էին, թե որքան շատ սրբի անուն կրեն իրենց անվան մեջ, այնքան շատ սրբերի հովանավորչություն կվայելեն: Իսկ հայկական միջավայրում, մեր կարծիքով, այս հարցին տվել են ամենաողջախոհ և արդարացի լուծումը. ամեն մանկան անվանակոչում կապվել է մի մեծանուն անձնավորության հետ (հանձինս պապի կամ տատի): Այս անձնավորությունը կարող էր լինել կամ սուրբ կամ հերոս կամ տվյալ միջավայրում պատվելի մարդ: Երբ մանկանը անվանակոչել են, լռելյայն իղձ են փափագել, որ մանուկը կմեծանա և, իր անվան հետ նույնալով, կդառնա սուրբ, հերոս կամ նույնքան հարգելի մարդ, ում անունը որ կրում է: Կա մի ուսմունք, համաձայն որի մարդկանց անուններն իրենց ճակատագրերն են, սա, իհարկե, ռամկական սնահավատություն է, սակայն, որ մարդու անունն այն կրողի աշխարհայացքի և հետևաբար, ապրելակերպի ու ճակատագրի վրա ազդեցություն ունի, անվիճելի է: Այս նույն հարցին իր հիանալի բանաստեղծությամբ անդրադարձած և օտարամոլությունը խարազանած մեծանուն բանաստեզծ Հովհաննես Շիրազն ասում է. «Մարդս զանգ է, աշխարհն ականջ, Լավ անունը՝ զանգի ղողանջ»: Ասել է, թե` մարդուս անունը հայտնում է նաև իր, իր ընտանիքի և միջավայրի ապրելակերպի ու ճաշակների մասին: Հիմա հարց է առաջանում. ի՞նչ են «ղողանջում» այն Ջոն, Ալեն, Ժան, Լինա, Ծինա ու Լանա անունները, որոնք կրում են ներկայիս հայորդիները: Այո՛, ամբողջ արևմտյան աշխարհն էլ (մենք՝ ներառյալ), մեծամասամբ կրում է կամ աստվածաշնչյան կամ հունահռոմեական (մենք նաև հին պարսկական) անուններ: Սակայն ժամանակին այս անուններն ազգայնացվել են ու ստացել զուտ ազգային հնչողություն: Նույն Ջոնը կամ Ժանը, որ երբրայական Յոխանան անվան անգլերեն և ֆրանսերեն «թարգմանություններն են», հայերեն Հովհաննեսն է. չգիտես ինչո՛ւ, ներկայիս զույգերն իրենց երեխային չեն ուզում անվանակոչել ո՛չ Հովհաննես Մկրտչի անունով, ո՛չ Հովհաննես Թումանյանի անունով, ո՛չ էլ, ասենք, Շիրազի կամ մեկ այլ հայազգի մեծանուն Հովհաննեսի պատվին, այլ, ասենք, ինչ-որ, իրենց կարծիքով ավելի բարեհունչ Ջոնն են նախընտրում: Ներկայիս անունների վերաբերյալ մեր մտորումները կցանկանայինք եզրափակել կրկին Շիրազի խոսքերով, որն էլ արժանի դատավճիռը կայացրել է դեռ շատ վաղուց. «Քանզի ամեն ազգի անուն Իր տարազն է, իր մայր լեզուն, Իր սրբությունն հավերժական. Եվ օրենքն է ողջ մարդկության` Իր ազգինը ով չսիրի` Թշնամին է ողջ ազգերի…»: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր