211652_close_icon
views-count1980 դիտում article-date 19:04 28-02-2014

Վիլնյուսում ներկայացվել է ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը

Փետրվարի 26-ին Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Վիլնյուսում ներկայացվեց ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը: Միջոցառմանը, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, զինվորականներ և հայ համայնքի անդամներ, բացման խոսքով ելույթ ունեցավ Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնի ռեժիսոր Գիտիս Լուկշասը, ով նշեց, որ ֆիլմը հոգեհարազատ է լիտվացիներին, անկեղծ է ու անհրաժեշտ և որևէ կերպ չի կարող որակվել որպես միակողմանի պաշտոնական քարոզչություն: Իր խոսքում Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, մասնավորապես, ասաց. «Յուրաքանչյուր հասարակության, ժողովրդի և պետության առջև պարբերաբար ծառանում է պատերազմի և խաղաղության միջև ցավագին ընտրության հարցը: Մեր սերունդը ստիպված եղավ անցնել պատերազմով` փխրուն խաղաղություն ձեռքբերելու համար»: Հայաստանի դեսպանը նշեց, որ ֆիլմի ցուցադրման օրը համընկնում է Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցի հետ, որով Ադրբեջանը փաստորեն նախընտրեց խնդիրները լուծել հայատյացության և պատերազմի լեզվով: Դեսպան Այվազյանն ընդգծեց, որ ԽՍՀՄ-ում այն ժամանակ տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների պայմաններում Բալթյան ժողովուրդները հստակորեն սատարել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նույն օրը Լիտվայի Սեյմասում ստեղծվեց Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ և կարևորելով Սեյմասի անդամների սկզբունքայնությունը և հավատարմությունը այն արժեքներին, որոնք միասնական էին դարձրել լիտվացի և հայ ժողովուրդներին մեր պետականության վերականգման ճանապարհին՝ Հայաստանի դեսպանը խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին հանձնեց այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ ունեցավ Վիլնյուս ժամանած ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը, որը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր