957 դիտում
21:15 28-02-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Համահայկական խաղերի մասնակիցներին
Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` ուղեկցությամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի:Զրույցի սկզբում տիար Իշխան Զաքարյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Համահայկական խաղերի անցած ճանապարհը և ձմեռային խաղերի ընթացքը` ընդգծելով, որ տարեցտարի մեծանում է մարզիկների քանակը, որոնց ստվար մասն առաջին անգամ է այցելում Հայաստան, ծանոթանում հայրենիքի պատմությանը, շփվում հայրենաբնակ հասակակիցների հետ:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն փաստեց խաղերի կարևորությունը նախ և առաջ Մայր հայրենիքում հայության համախամբման տեսանկյունից, քանի որ դրանց շնորհիվ հազարավոր հայորդիներ հաղորդ են դառնում հայրենիքի կյանքին, մեր անցյալի պատմությանը, սրբություններին և զորացած ու գոտեպնդված վերադառնում են իրենց երկրները: Վեհափառ Հայրապետը նկատեց, որ այս խաղերը այնքանով, որքանով նպաստում են մարմնի զորացմանը, նույնքանով էլ հայրենիք այցելությամբ խթանում են հոգևորի զորացմանը: "Այս խաղերի միջոցով կերտվում է մեր ժողովրդի միաբանությունը: Եվ այդ միաբանությունն իր առանցքն ունի Մայր հայրենիքում, որի տերը դուք եք և յուրաքանչյուր հայորդի` ուր էլ որ ապրի, ուր էլ որ գտնվի: Այս գիտակցությունն է կրթվում և կերտվում համահայկական խաղերի արդյունքում", - ասաց Հայոց Հովվապետը:
Վերջում աստվածահաճո և ազգաշեն գործի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց խաղերի կազմակերպիչներին` հորդորելով ավելի ընդարձակել աշխարհագրական ընդգրկումը: Հայոց Հայրապետը մաղթեց երիտասարդներին, որ Ս. Էջմիածնի օրհնությունը նորանոր ներշնչանքներ պարգևի նրանց` ազգային իրենց կյանքն արդյունավորելու գեղեցիկ իրագործումներով, իսկ Համահայկական խաղերի օրերին ամենքը ճաշակեն հաղթանակի քաղցրությունը, ապրեն սիրով և միշտ շաղկապված մնան Հայաստանի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»