1124 դիտում
17:10 05-03-2014
Համեմատական վիճակագրական վերլուծություն ՀՀ դատարանների 2012-2013թթ. գործունեության վերաբերյալ
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ.
2013թ-ին ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացվել է ավելի քան 4 հազար քրեական, 48 հազարից ավել քաղաքացիական և շուրջ 25 հազար վարչական գործեր: Մինչդատական վարույթի նկատմամբ քրեական գործերով դատական վերահսկողության ոլորտին և դատական ակտի կատարման հետ կապված հարցերի վերաբերվյալ էլ առաջին ատյանի դատարաններում ստացվել է շուրջ 18 հազար միջնորդություն:
2013թ-ին ստացված քրեական գործերից ավարտվել է շուրջ 80 տոկոսը, իսկ մասնակի կամ ամբողջական արդարացման դատավճիռները կազմել են 96 անձի վերաբերյալ` 65-ն արդարացվել է ամբողջությամբ, 31-ը՝ մասնակի:
Դատարան ստացված քաղաքացիական գործերի հայցադիմումների 8.6 տոկոսը վերադարձվել են, ընդունումը մերժվել է շատ չնչին դեպքերում, իսկ 90,9 տոկոսն ընդունվել է վարույթ, որոնց կեսից ավելիի վերաբերյալ կայացվել են վճիռներ: Ամբողջությամբ բավարարվել է 62 տոկոսից ավելին, մերժվել է միայն 10 տոկոսը:
2013թ-ին դատարան մուտք եղած վարչական գործերից վերադարձվել է միայն 3 տոկոսը, կիսով չափ քիչ դեպքերում մերժվել է հայցադիմումի ընդունումը, իսկ 95 տոկոսն ընդունվել է վարույթ, որոնց համար կեսից ավելիի վերաբերյալ կայացվել են վճիռներ:
ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում անցյալ տարի ստացվել է շուրջ 60 հազար, իսկ ՀՀ վարչական դատարանում շուրջ 200 հազար վճարման կարգադրություն արձակելու դիմում: Նույն թվականի ընթացքում առաջին ատյանի դատարաններն ստացել են սնանկության վերաբերյալ ավելի քան 3 հազար դիմում:
Համեմատական 2012-2013թթ.
2013թ-ին ստացած քրեական գործերը նախորդող տարվա համեմատությամբ նվազել են գրեթե 5 տոկոսով: Նույն տարիների համեմատությամբ պարզ է դառնում, որ նվազել է նաև դատապարտված անձանց թիվը, իսկ ամբողջական և մասնակի արդարացվածների թիվն աճել է շուրջ 14 տոկոսով: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աճել է նաև այն անձանց թիվը, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
2013թ-ին, նախորդող` 2012-ի համեմատ, նվազել է գողության համար դատապարտվածների թիվը: Զգալի չափով կրճատվել են խուլիգանության, ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, ինչպես նաև ծեծի համար դատապարտված անձանց թիվը: Անցյալ տարի նվազման միտում է գրանցվել նաև սպանության և առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտվածների թիվը:
Նույն թվականների համեմատության արդյունքում, սակայն, մի շարք հանցագործությունների համար դատապարտվածների աճ է գրանցվել:
Խարդախության համար դատապարտվածների թիվն աճել է ավելի քան 8 տոկոսով: Իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար դատապարտվածներն էլ ավելացել են գրեթե 30 տոկոսով: Զգալիորեն աճել է մարդուն առևանգելու, ինչպես նաև յուրացնելու կամ վատնելու համար դատապարտված անձանց թիվը:
Նախորդ տարի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված քաղաքացիական գործերը 2012-ի համեմատությամբ նույնպես ավելացել են: Աճել է նաև վճարման կարգադրությունների և սնանկության վերաբերյալ դիմումների թիվը: Նույն միտումը գրանցվել է նաև ՀՀ վարչական դատարանում:
ՀՀ վերաքննիչ դատարան.
ՀՀ դատական դեպարտամենտն ամփոփել է նաև Վերաքննիչ դատարան ստացված բողոքարկումների թիվը: 2013թ-ի ընթացքում Քաղաքացիական վերաքննիչ դատարանում ստացվել է 4 հազար 500-ից ավել գործ, որը կազմում է ընդհանուր իրավասության դատարաններում ավարտված քաղաքացիական գործերի միայն 14 տոկոսը: Դրանց մեկ քառորդը բեկանվել է, գրեթե կեսը մերժվել են` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները և մեկուկես տոկոս դեպքում միայն` վարույթը կարճվել է:
Անցյալ տարվա ընթացքում Վարչական վերաքննիչ դատարանում ստացվել է 2 հազարից ավել գործ, որը կազմում է վարչական դատարանում ավարտված գործերի ընդամենը 15 տոկոսը: Ստացված գործերից բեկանվել է գրեթե 20 տոկոսը, կեսից ավելին մերժվել է, իսկ 6 տոկոս դեպքում միայն` վերադարձվել: Դատարան մուտք եղած գործերի 0,6 տոկոսի դեպքում է վերաքննիչ վարույթը կարճվել:
2013թ-ի ընթացքում Քրեական վերաքննիչ դատարանում ստացվել է շուրջ 2 հազար 700 վերաքննիչ բողոք: Այն կազմում է առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտերի ընդամենը 12 տոկոսը: Վերաքննիչ քրեական դատարանում անցյալ տարվա ընթացքում քննվել և ավարտվել է բերված բողոքների 93 տոկոսից ավելին, անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարաններում կայացված դատական ակտերի կեսից ավելին, բեկնավել է գրեթե մեկ քառորդ մասը, 4 տոկոսը թողնվել է առանց քննության, իսկ շուրջ 5 տոկոսի դեպքում կարճվել են վերաքննիչ վարույթները:
ՀՀ վճռաբեկ դատարան.
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2013թ-ին ստացել է 3 հազարից ավել բողոք, որոնցից մակագրվել է 2 հազար 900-ը: Քաղաքացիական և վարչական պալատում վարույթ է ընդունվել բողոքների 6 տոկոսը, որոնցից գրեթե կեսը բավարարվել է և դատական ակտը բեկանվել է: Քրեական պալատն ստացել է հազարից ավել բողոք, որոնցից վարույթ է ընդունվել միայն 5 տոկոսը:
Այսպիսով` դատական ակտերի կայունությունը Հայաստանի Հանրապետությունում կազմում է շուրջ 97 տոկոս:
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
17:02 03-03-2014
Դատական դեպարտամենտը կներկայացնի վիճակագրական վերլուծություն
1174 դիտում
07:12 27-07-2024
2012-2022թթ․ ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
718 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
799 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ