1274 դիտում
15:43 09-03-2014
Մեկնարկել է «Արարատյան քննարկումներ» նախագիծը
եկնարկել է Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի համատեղ` «Արարատյան քննարկումներ» նախագիծը, որը կյանքի է կոչվել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ, այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը։
Առաջին հանդիպումը նվիրված է եղել գրաբարին: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը և ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը բացել են Տերունական աղոթքով: Ապա ցուցադրվել է «Գրաբար. լեզու նախնյաց» ֆիլմը. հեղինակ` Նարեկ Աշուղաթոյան, օպերատոր` Լևոն Առաքելյան:
Ֆիլմի դիտումից հետո «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը պատմել է, թե ինչպես է ծնվել ֆիլմը: Նրա խոսքով՝ այն գրաբարի ուսուցման ու տարածման ծրագրի մի մասն է: Այդ ծրագրի շրջանակում նրանք կազմակերպել են գրաբարի դասընթացներ, որոնց մասնակցել է շուրջ 200 մարդ:
Հիմա գրաբարի դասեր կազմակերպում են նաև Լոնդոնում: Ժամանակակից տեխնոլոգիաները ևս օգտագործվում են այս նպատակի համար. «Ծիրանի մշակութային հանգույցի» անդամները ստեղծել են www.grabar.am կայքը, որով յուրաքանչյուրը կարող է սովորել գրաբար` լսելով դասախոսությունները, հետևելով անիմացիայի միջոցով տրվող բացատրություններին ու օգտվելով բառարանից:
Գրաբարի նշանակության, արժեքի ու աստվածային լեզու լինելու մասին խոսել է արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Նա ասել է, որ մի շարք լեզվաբան-գիտնականների կարծիքով գրաբարը նախամարդու` Ադամի ու Եվայի լեզուն է եղել: Նրանք այդ լեզվով են շփվել Աստծո հետ: Եթե ֆրանսերենը պոեզիայի լեզու է, անգլերենը` քաղաքականության, լատիներենը` գիտության, ապա գրաբարը հոգևոր լեզու է, Աստծո հետ հարաբերվելու, աղոթքի լեզու է: «Գրաբարով պահպանվել են բազմաթիվ հնավանդ ստեղծագործությունների թարգմանություններ, որոնք համարվում են բնագրեր, քանի որ դրանք հնագույն տարբերակներն են»,– ասել է նա:
Գրաբարի մասին քննարկմանը մասնակցել է նաև պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, ում ուրախացրել է մարդաշատ դահլիճը: Նրա խոսքով՝ գրաբարի մասին քննարկումները երբեք այսքան մեծ լսարան չեն ունեցել: Վերադարձը դեպի գրաբարին, դեպի նախնյաց լեզվին Ռ. Համբարձումյանը տեսնում է դպրոցների միջոցով, որտեղ, ըստ նրա, պետք է պարտադիր ուսուցման առարկա դառնա:
Ն.Աշուղաթոյանի խոսքով՝ գրաբարը դպրոց ներմուծելու համար նախ դասագրքեր, դասավանդողներ ու նոր մեթոդաբանություն է պետք, ինչն այս պահին դժվարիրականացնելի է: «Հենց այդ պատճառով էլ մենք ընտրել ենք ոչ ֆորմալ կրթության տարբերակը: Հիմա աշխատում ենք դասավանդողներ պատրաստելու ուղղությամբ: Չնայած սրան, պետք է ասել, որ այսօր գրաբարն արդեն մուտք է գործել դպրոց` «Այբ» ավագ դպրոցի օրինակով»:
Գրաբար դասավանդվում է նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Կրթահամալիրի էլեկտրոնային գրադարանի ղեկավար Զարուհի Առաքելյանը ներկայացրել է իրենց մոտ իրականացվող «Գրաբարը ծեսի լեզու» նախագիծը, որով սովորողները ծանոթանում ու սովորում են գրաբար: Նա ասել է, որ իրենց կայքում տեղադրել են www.grabar.am–ի հղումը և արդեն 1000 այցելություն է գրանցվել: Սա նշանակում է, որ գրաբարի մասին այս հղումը հետաքրքրել է սեբաստացիներին:
«Արարատյան քննարկումներ» նախագիծը բաց է բոլորի համար: Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն սեմինար-դասախոսություններ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակույթի գործիչների ու հոգևորականների հետ: Այն պետք է օգնի հայ մարդուն ծանոթանալ հայրենի ժառանգությանը, արժեքներին, հնարավորություն ստեղծի վերլուծել ազգային առանձնահատկությունները և նորովի անդրադառնալ պատմությանն ու դրա դասերին:
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
18:01 21-03-2015
Արարատյան քննարկումներ. «Հայ լուսանկարչությունը 19-20-րդ դարերում»
1700 դիտում
16:55 01-11-2019
ԱՄՆ Հայ դատը Ցեղասպանության ճանաչման նախագիծը օրակարգ բերելու քննարկումներ կունենա սենատորների հետ
Այս բաժնից
496 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
427 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ