211652_close_icon
views-count1105 դիտում article-date 15:46 14-03-2014

Տեղի է ունեցել ԲՈՒՀ-երի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Ուսումնասիրությունն իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն իրականացվում, որի արդյունքները վկայում են, որ ուսանողությունն իրավամբ սոցիալական խոցելիություն ունեցող այն ընդգծված խավն է, որի նկատմամբ պետության ուշադրությունն առավել մեծ ծավալներ պետք է կրի և առավել նպատակային քաղաքականության հանգեցնի: Նախարարի խոսքով` ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են երեք հիմնական հետևության: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ուսանողական խավը սոցիալական լուրջ բեռի տակ է, երկրորդ` կառավարության իրականացրած քայլերն այդ ուղղությամբ նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին և երրորդ` կառավարությունը պետք է առավել մեծ ջանքեր ներդնի` հնարավորինս մեղմելու ուսանողների սոցիալական բեռը»,-նշել է նախարարը` ներկայացնելով այդ ուղղությամբ կառավարության իրականացրած քայլերը: Մասնավորապես, ըստ նախարարի` կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ուսանողների ուման վարձի փոխհատուցման ծրագիր, որում ներառված է շուրջ 850 ուսանող. վերջիններս պետության կողմից ստանում են 50-100 տոկոս զեղչ: 2015 թվականին նախատեսվում է ընդլայնել այդ ցանկը` այն հասցնելով շուրջ 2500 ուսանողի: Բացի այդ, ըստ Ա. Աշոտյանի, ԱԺ-ում հաստատման են ներկայացվել «Կրթության մասին» և «Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, համաձայն որոնց` օրենքով ամրագրվելու են ուսանողների համար մի շարք երաշխիքներ, մասնավորապես, բուհն իր բյուջեի վճարովի հատվածի 7 տոկոսը պարտավոր է ուղղել զեղչերին, օրենքով երաշխավորելու են սոցիալական որոշ խմբերի համար ֆիքսված զեղչեր և լրացուցիչ արտոնություններ: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել որոշ ուսանողական խմբերի` իրենց վարձավճարը մուծել ավելի ճկուն մեխանիզմներով: Հաջորդ կետը, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական հանրակացարանների արդիականացման և ընդլայնման ծրագիրն է, որը մեծ ներդրումներ է պահանջում: Գործում են նաև ուսանողական արտոնյալ վարկեր, որոնց մասին, ըստ հետազոտության, տեղեկացված է ուսանողների գրեթե կեսը և, դրա մասին տեղեկանալուց հետո ևս 7000 հոգի կարող է մտածել` այս գումարից օգտվելու մասին: Շնորհանդեսի ընթացքում «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի փորձագետ Սամվել Մանուկյանը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները:

Նմանատիպ նյութեր