22166 դիտում
10:39 18-03-2014
Հայտնաբերվել է փախուստի դիմած ստահակը, ում կատարած վրաերթից 14-ամյա տղան տեղում մահացել էր, իսկ հասակակից ընկերը հիվանդանոցում է
Այսօր՝ մարտի 18-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հայտնաբերել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Քասաղ գյուղի սկզբնամասում, 2 անչափահաս երեխաների վրաերթ ենթարկած ու փախուստի դիմած ստահակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Պռոշյան գյուղի բնակիչ, 14-ամյա Վաղինակ Թադևոսյանը տեղում մահացել էր, իսկ նրա համագյուղացի, 13-ամյա Լավրենտի Պետրոսյանը «աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամբողջ գիշեր Նաիրիի ոստիկանները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ որոնողական աշխատանքներ են կատարել Պռոշյան և Քասաղ գյուղերում և Աշտարակ քաղաքում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթ կատարածը եղել է Քասաղ գյուղի Երիտասարդական փողոցի բնակիչ, 51-ամյա Անդրեաս Մելքոնյանը: Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են նաև Գազ 24 մակնիշի 62 ՍՕ 428 համարանիշի ավտոմեքենան, որով կատարվել էր երեխաների վրաերթը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Արտակ Բունիաթյանի որոշմամբ Ա. Մելքոնյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403172217093/]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 17-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30- 21:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վրաերթի վայրում աշխատել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Արտակ Բունիաթյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվ քննչական խումբը պարզել է,որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 14-ամյա Վաղինակ Թադևոսյանն էր , իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+