10777 դիտում
19:10 18-03-2014
Հարկադիր կատարողները վաշխառուների բարձր հովանու ներքո, մի ամբողջ ընտանիք թողեցին բաց երկնքի տակ
Երեկ մարտի 18-ին ՀՀ Արդարադատության նախարարության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, վտարման գործողություններ կատարեց Երևանի Աբովյան փողոցի 38 1/9 հասցեյում:
SHAMSHYAN.com-ը ստորև ներկայացնում է տվյալ հասցեյի բնակչուհի Իդա Մելիքյանի բաց նամակը որը ուղղված է հանրությանը:
Ցանկանում եմ իմ այս բաց նամակով դիմել Ձեր և հանրության օգնությանը, քանի որ բոլոր իրավական դռները փակվում են իմ առաջ: Հայցելով պաշտոնական այրերի մարդկային վերաբերմունքը` թակել եմ բոլոր իրավական դռները, սակայն որևէ տեղից առ այսօր չեմ ստացել որևէ օգնության նշույլ անգամ: Ավելին, ստիպված բաց նամակով դիմում եմ Ձեզ և հանրությանը, քանի որ նախօրեին` 25.02.2014թ., հանդիպել եմ ԴԱՀԿ աշխատակից Պ. Հովհաննիսյանին, տեղեկացրել եմ, որ վտարման մասին կատարողական թերթ եմ ստացել 20.02.2014թ., որն իմ ընտանիքի համար դաժան անակնկալ էր, և խնդրել եմ որոշ ժամանակ տրամադրել ինձ և իմ ընտանիքին` ինչ-որ մի անկյուն գտնելու համար:
Վերջինս, սակայն, ինձ և իմ ընտանիքին (որը բաղկացած է 4 հոգուց. տատիկս` 75 տարեկան, վատառողջ մայրս և քույրս) տվեց 24 ժամ ժամանակ` տարածքն ազատելու համար, որը մեր միակ կացարանն է և ապրուստի միջոցը: Նրա վրա չազդեց նույնիսկ ՀՀ Ոստիկանությանը` մեր նկատմամբ կատարված հանցագործության` խարդախության և վաշխառության մասին իմ տված հաղորդման կտրոնը:
Համառոտ նկարագրեմ ողջ պատմությունը: Ես Քրիստինե և Աշխեն Վարդանյաններից 2009թ. վերցրել եմ 16000 ԱՄՆ դոլար սեփական բիզնեսիս համար` ամսական 5 տոկոսով և 10 տոկոս միջնորդավճարով: Անմիջապես հաջորդ ամսվանից պահանջեցին ամբողջ գումարը հետ վերադարձնել: Սակայն ես պատրաստ չէի այդ գումարը հետ վերադարձնել: Վարդանյանները, որպես «լավություն», ասացին, որ եթե չտամ գումարը` կդառնա ամսական 20 տոկոս: Այդպիսով այդ գումարը շատ կարճ ժամանակում դարձավ 60 000 դոլար:
Քանի որ օր օրի աճում էր գումարը, ես չէի հասցնում տոկոսները վճարել, ստիպված խնդրեցի մորս` իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գրավադրի անհատի մոտ: Ծանոթներիցս իմացա ոմն Գևորգի մասին, որը զբաղվում էր տոկոսով գումարներ տալու միջնորդությամբ. նա ծանոթացրեց ոմն Սարգիսի հետ (իբր գումարը Սարգիսինն է) և ասաց, որ պետք է գույքը գրավադրվի Սարգիսի բարեկամ Անուշի անունով: Նոտարում հայտնի դարձավ, որ որպես գումարի երաշխիք` պետք է ոչ թե գրավադնենք գույքը, այլ առք ու վաճառք պետք է ձևակերպենք նրա անունով: 23.04.2010թ. Աբովյան 38 1/9 հասցեում գտնվող մեր տարածքն առուվաճառք ձևակերպեցինք Անուշ Գրիգորյանի անունով` ստանալով 68 000 ԱՄՆ դոլար, նրանք այդ գումարից 10 տոկոս միջնորդավճար և 6800 ԱՄՆ դոլար և առաջին ամսվա 5 տոկոս 3400 դոլարը վերցրեցին, փաստացի տվեցին 58 700 ԱՄՆ դոլար:
29.04.2010թ. տրվել է սեփականության վկայական Անուշ Գրիգորյանի անունով: Անուշ Գրիգորյանի տոկոսները և մայր գումարը տալու համար դիմեցի Արտակին, որին ճանաչում եմ վերը նշված Վարդանյանների միջոցով, որը նույնպես միջնորդ էր: Նա ինձ ծանոթացրեց Քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս ներկայացավ, որ նա գեներալ է, և, թե շատ պարկեշտ մարդ է: 17.08.2010թ. Անուշ Գրիգորյանը առուվաճառք արեց մեր խանութը Հովհաննես Երիցյանի անունով` ամսական 4 տոկոսով և 10 տոկոս միջնորդավճարով: Հ. Երիցյանը տվեց 100000 ԱՄՆ դոլար, որից պահում արվեց 10000 ԱՄՆ դոլար` որպես միջնորդավճար, և 4000 դոլար` որպես տոկոս: Փաստացի տրվեց 86000 ԱՄՆ դոլար, որից 78200 ԱՄՆ դոլարը տվել եմ Անուշին` որպես 68000 ԱՄՆ դոլար մայր գումար, և 10200 ԱՄՆ դոլար` երեք ամսվա տոկոս: Երեք ամսվա համար վճարել եմ ավելի քան 20.400 ԱՄՆ դոլար` որպես տոկոսներ և միջնորդավճարներ: Հ. Երիցյանի գումարը և տոկոսները վերադարձնելու համար ոմն Էդիկի, Մառայի և Ռոբերտի միջոցով ծանոթացա Արտավազդ Այվազյանի հետ, որը, հետագայում պարզվեց` փաստաբան է, և նրա հայրը ՀՀ պետական համալսարանի դասախոս Նորիկն է: 23.11.2010թ. Հ. Երիցյանը մեր խանութը առքուվաճառք արեց Ա. Այվազյանի անունով: Ա.Այվազյանը մեզ տվեց 123000 ԱՄՆ դոլար, որից պահվեց առաջին ամսվա 5 տոկոսը` 6150 ԱՄՆ դոլար, և 10 տոկոս միջնորդավճար` 12300 ԱՄՆ դոլար: Փաստացի նա մեզ տվեց 104 550 ԱՄՆ դոլար: Նշեմ, որ Երիցյանն ինձ ծանոթացրել էր իր սանիկ Վահեի հետ, որպեսզի տոկոսները նրան փոխանցեի:
Այժմ Արտավազդ Այվազյանը պահանջում է կամ իրեն տալ 200.000 ԱՄՆ դոլար, կամ ազատենք խանութի տարածքը, որտեղ այսօր ապրում է իմ ընտանիքը: Նշեմ, որ մայրս Հովհաննես Երիցյանին և Արտավազդ Այվազյանին չի ճանաչում, և չի եղել մորս թույլտվությունը, որ Անուշը վաճառի խանութը նրանց:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
5898 դիտում
18:19 13-06-2019
Հարկադիր կատարողները բաց դաս-քննարկումներ են անցկացրել հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ