211652_close_icon
views-count1694 դիտում article-date 17:59 25-03-2014

Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ է. Արթուր Բաղդասարյան

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: ԱԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ պաշտպանության վերանայման գործընթացը մշտապես գտնվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում` որպես ժամանակակից Զինված ուժերի ձևավորման, ռազմական սպառնալիքների չեզոքացման ու ռազմական անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ: <<Շուրջ չորս ամիսների ընթացքում ՀՀ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և շահագրգիռ մարմինների աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ օպերատիվ կերպով իրականացնել ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթերի մշակումը՝ ՀՀ Նախագահի հաստատմանը ներկայացնելու համար: Հարկ եմ համարում նշել, որ նշված փաստաթղթի ընդունումը ունի ռազմավարական նշանակություն, ավելին` փաստաթղթով մեկնարկելու է ԱԱԽ աշխատակազմի կողմից ռազմավարական մի շարք հիմնարար նշանակության փաստաթղթերի մշակումը, որոնք սահմանված են ԱԱԽ 2014թ. գործունեության ծրագրով և ուղղված են ազգային անվտանգության իրավական ու մեթոդաբանական հիմքերի ամրապնդմանը: Մասնավորապես՝ 1. Ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման սցենարների, դրանցով գործելու տարբերակների մշակում ըստ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման: 2. Ռազմաքաղաքական որոշումների ընդունման միասնական ալգորիթմի մշակում>>,-նշել է Արթուր Բաղդասարյանը, հավելելով, որ նշված երկու հարցերը ենթակա են քննարկման ԱԱԽ-ում այս տարվա ընթացքում: Արթուր Բաղդասարյանն իր խոսքի ավարտին ընդգծել է. <<Պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլում մենք պետք է ամրապնդենք նախորդ փուլի ձեռքբերումները, ապահովենք Զինված ուժերի համընթաց զարգացումը, ստեղծենք իրական երաշխիքներ ռազմական հնարավորությունների մեծացման, պետության և ժողովրդի պաշտպանվածության բարձրացման, զինված ուժերի մարտունակության ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված արդյունավետ քաղաքականության իրականացման համար>>:

Նմանատիպ նյութեր