13292 դիտում
12:00 26-03-2014
Խոշոր ավտովթար Փարաքարի ճանապարհին. Opel-ը բախվել է Mercedes-ին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Վարդան Նավասարդյանը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 80 NL 002 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 35 TU 847 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել վթարված Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները, քաղաքացիները և Ազգային ժողովի պատգամավոր «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հետաքննչական աշխատանքները կատարում է նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանը:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Հետաքննիչ Մ. Հակոբյանի հանձնարարականով վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը:
Վթարի վայրում պարզվեց նաև, որ Opel-ի վարորդի մոտ չկար վարորդական իրավունքի վկայական, այն գտնվում էր ՃՈ բաժնում, սակայն նա ավտոմեքենան վարում էր ժամանակավոր կտրոնով, քանի որ մարտ ամսին ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար ենթարվել է վարչական պատասխանատվության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+