788 դիտում
14:37 27-03-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության ենթահանձնաժողովի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները եվրոպական ինտեգրման քաղաքականության կենտրոնական տարրերից են` համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին գնահատելով որպես Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մտադիր է պահպանել եւ զարգացնել համագործակցության ներկա տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների խորհրդարանական ձեւաչափի մասին` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց վեհաժողովի հետ համագործակցությունը եւ նրա աշխատանքներին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ծրագրերին նպաստում է Հայաստանի ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության ղեկավար, քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոն կարեւոր համարեց պատվիրակության այցը Հայաստան եւ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, ինչպես նաեւ համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: Նա բարձր գնահատեց խորհրդարանի դերն ու նշանակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների հարցում` կարեւորելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ակտիվ մասնակցությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրաջանակում: «Պատերազմը երբեք եւ ոչ մի տեղ չի հանգեցրել որեւէ լավ բանի, բացառությամբ մարդկային ու նյութական կորուստների: Հակառակ մեր դիրքորոշման՝ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մշտապես հնչեցրել է ռազմատենչ հայտարարություններ, որոնք հատկապես ակտիվացել են վերջին շրջանում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որ այն պետք է ընթանա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին ` ԱԺ նախագահը նշեց, որ այն չի խաթարի Եվրամիության հետ մեր քաղաքական երկխոսությունը, եւ Հայաստանը շարունակելու է հանձնառու լինել մեզ միավորող ընդհանուր արժեքներին եւ շարունակելու է ջանքերը քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ՝ հանուն ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովման եւ մարդու իրավունքների պաշտպանության:
Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին եւ Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին` Հովիկ Աբրայամյանը խորը մտահոգություն հայտնեց հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Քեսաբ կատարված ներխուժումը իրականացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող Թուրքիայի տարածքից: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ Քեսաբի հայության ֆիզիկական անվտանգության ապահովման համար»,-ասաց ԱԺ նախագահը:
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
15:19 18-02-2014
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը
1195 դիտում
19:37 27-03-2014
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
879 դիտում
15:28 12-06-2014
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Կարլ Լամերսին
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված