1501 դիտում
15:19 18-02-2014
Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը
Փետրվարի 18-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջխորհրդարանական Միությունում Բրիտանական խմբի պատվիրակությանը Ջոն Ուիթինգդեյլի (ՄԹ Համայնքների պալատ) գլխավորությամբ:Պատվիրակության կազմում են ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը:
Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում, եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ զգալի վերընթաց է ապրել բազմաթիվ ոլորտներում: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացումը եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը: Աժ նախագահը կարեւորեց հայաստանյան բազմաթիվ ծրագրերում ՄԹ կառավարության ու հասարակական կազմակերպությունների ներգրավվածության փաստը եւ ձեռքբերում համարեց Երեւանում Հայաստան-Մեծ Բրիտանիա Առեւտրի պալատի ստեղծումը: Հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում Հովիկ Աբրահամյանը, առանձնահատուկ դեր վերապահելով օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը, նշեց.« Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: Մենք շահագրգիռ ենք խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը: Ներկայացնելով տարածաշրջանային զարգացումները` Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ կարեւոր համարեց միջազգային ասպարեզում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը: «Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ողջ տարածշրջանի անվտանգության եւ կայունության համար: Հաշվի առնելով հակամարտության կարգավորման բարդ գործընթացը՝ կարեւոր նշանակություն ունի միջազգային հանրության՝ տարածաշրջանի երկրների հանդեպ հավասարակաշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը»,-ասաց ԱԺ նախագահը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Թագավորության խորհրդարանում գործող Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախաձեռնությունները: Նա շնորհակալություն հայտնեց Սթիվեն Փաունդին փետրվարի 11-ին ՄԹ Համայնքների պալատում ելույթի համար, որտեղ նա անդրադարձել եւ անաչառ գնահատակ էր տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Հայոց ցեղասպանությանը:
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով: Նրա խոսքով` այդ որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում: «Հայաստանը կարեւորում է Եվրոպական միության հետ բազմաբնույթ համագործակցությունը եւ փոխհարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա». -նշեց Հովիկ Աբրահամյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՄՄ Բրիտանական խմբի պատվիրակության ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը համոզմունք հայտնեց, որ խմբի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի հայ-բրիտանական կապերի զարգացմանը եւ խորացմանը: Նրա խոսքով` Հայաստանը մեծ թվով բարեկամներ ունի ՄԹ խորհրդարանում, ինչին մեծապես նպաստել է Հովիկ Աբրահամյանի 2011թ. աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա: Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը նշեց. «Դուք Բրիտանիայի խորհրդարանում մեծ թվով բարեկամներ ունեք, ովքեր Հայաստանի կողքին են եւ մտահոգված են նրա խնդիրներով: Հայաստանի ձայնը լսելի է Բրիտանիայի խորհրդարանում: Մենք ուզում ենք, որ Հայաստանում լինի կայունություն եւ առաջընթաց»: Բրիտանացի խորհրդարանականները եւս կարեւորեցին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, երկկողմ շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Կարեւոր համարվեց տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվեց տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
18:28 19-02-2014
Գագիկ Բեգլարյանն ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին
785 դիտում
14:37 27-03-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
Այս բաժնից
1066 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
643 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
934 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը