7647 դիտում
22:08 27-03-2014
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած. տեղի ունեցավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը , ե՞րբ ենք գնահատելու մշակույթի մեր մեծերին
Արդեն 53 տարի աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Իսկ Հայաստանում վերջին տարիներին այդ օրն անցկացվում է «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևներ են հանձնվում թատերական աշխարհի գործիչներին:
Այսօր՝ մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց հերթական մրցանակաբաշխությունը: Այն տարի նվիրված էր ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, և սիրված ու տաղանդավոր դերասաններ, թատերական գործիչներ, երիտասարդ ու խոստումնալից դերասաններ:
Լեփ-լեցուն դահլիճում մրցանակաբաշխությունն անցավ ուրախության, հուզմունքի և ծափերի մթնոլորտում:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ էր հղել Թատրոնի միջացգային օրվա առթիվ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ջերմորեն շնորհավորում եմ թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Այսօրվա արվեստը չեմ պատկերացնում առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Որպես արվեստի հնագույն եւ դասական տեսակ՝ թատրոնն իր անգնահատելի դերն ունի սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր հարստացման եւ մնայուն արժեքների պահպանման գործում: Հպարտ եմ, որ հայ թատրոնն այս առումով իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային թատրոնի պատմության մեջ:
Այսօր մեր թատրոնում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ եւ ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունը: Այդ նվիրյալների շնորհիվ է, որ մենք հայտնվում ենք այն կախարդական ու խորհրդավոր աշխարհում, որը ծնունդ է առնում թատրոնում:
Ի սրտե շնորհավորում եմ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով առողջություն ու ստեղծագործական նոր ձեռքբերումներ եւ դրանք իրականացնելու անսպառ եռանդ»,- ասվում է Հ. Աբրահամյանի ուղերձում:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ մրցանակաբաշխությունից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+