211652_close_icon
views-count54953 դիտում article-date 15:58 31-01-2021

Հրազդանում տեղի ունեցավ հերոս Թաթուլին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշար. մասնակիցներն ասում էին. «Դու դարձար կենդանի լեգենդ» ու հիշում Մեծն Սևակին՝ «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած..» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, Հրազդան քաղաքի Երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հիշատակի երեկո և բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված կենդանի լեգենդ Թաթուլ Տիգրանի Հակոբյանի անմահ հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին թիմեր Գեղարքունիքի և Կոտայքի մարզերից շուրջ 70 բռնցքամարտիկներ: Մրցաշարը կազմակերպել էր Հրազդան քաղաքի մարզիչ Կամո Բաբաջանյանը: Առաջնության գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը: Մինչ հուշամրցաշարի բացումը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում նահատակվածների հիշատակը, որից հետո ներկայացրեցին հերոսի անցած ուղին, ում դեռ կենդանության օրոք անվանում էին Սպարապետ: Դահլիճում ներկա գտնվողները ասում էին. «Թաթուլի մասին կարող ենք անվերջ խոսել ու ավարտ չի ունենա: Նրան ու նրա նման բազմաթիվ հերոսների կարելի է վերագրել Մեծն Սևակի հայտնի խոսքերը՝ «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին...» Թ. Հակոբյանին նվիրված բռնցքամարտի հուշամրցաշարին մասնակցում էին Կոտայքի և Գեղարքունիքի մարզի մեծ թվով բռնցքամարտիկներ, իսկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը, ում հետ դեռ 2016 թ.-ի Ապրիլյան պատերազամի առաջին իսկ օրերից Մատաղիսի, Թալիշի, Ջաբրայիլի, Մարտակերտի ամենաթեժ կետերում է եղել Թաթուլը, նրա որդուն՝ փոքրիկ Մոնթեին, հանձնեց բռնցքամարտիկի արձանիկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/20/1168226/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Հրազդանի բնակիչ Թաթուլ Հակոբյանի զոհվելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Հրազդանում, ինչպես որ կայծակնային արագությամբ տարածվել էր այն լուրը, երբ 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին նա կամավոր մեկնեց Արցախ: Մինչև պատերազմի վերջին օրը մնաց առաջնագծում՝ զինվորի կողքին, զինվորի հետ ուս-ուսի տված արժանի հակահարված տվեցին ազերի բաշիբոզուկներին: Եվ այդ պատերազմում իր սուրը փառքով պատյան դրած ետ եկավ: Շատերի նման չէր գնացել առաջնագիծ ինչ-որ ներկա ստանալու կամ սելֆի անելու նպատակով, այլ մեկնել էր Ստեփանակերտի N զորամաս, որտեղից էլ՝ առաջնագիծ: Երբ սեպտեմբերի 27-ին տեղեկացավ, որ կրկին թուրք-ադրբեջանական՝ հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հերթական անգամ ոտնձգություն են կատարել Արցախի սահմանների նկատմամբ, առանց վարանելու կրկին մեկնեց ռազմաճակատ ու շարունակեց իր զինակից ընկերների՝ առյուծ զինվորների հետ պայքարը նենգ ոսոխի դեմ: Թեժ մարտում մինչև վերջ կռիվ տվեց, հաղթեց իր բաժին կռիվը, բայց, ցավոք, կյանքի գնով: Ու հիմա մի լեգենդ, մի հերոս էլ ավելացավ երկնքում ու նա՝ հրազդանցի Թաթուլ Հակոբյանն է: Շատերը չգիտեն, որ հաճախակի էր Հրազդանից գալիս Երևան ու նրա շնորհիվ 2 տասնյակից ավել մարդիկ են փրկվել, երբ այդ մարդիկ ավտովթարի են ենթարկվել: Ահազանգում էր շտապօգնություն, փրկարար ծառայություն ու մինչ կժամանեին փրկարարներն ու բժիշկները, ինքն էր օգնության ձեռք մեկնում վիրավորներին, երբեմն ինքն էր տեղափոխում հիվանդանոց ու բժիշկները խոստովանում էին, որ նրա շնորհիվ են այդ վիրավորները փրկվել, քանի որ ճիշտ է կողմնորոշվել ու նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնությունն ու տեղափոխել հիվանդանոց: Փա՛ռք Քեզ, հրազդանցի հերոս: Փա՛ռք Քեզ, երիտասարդ տարիքում քո կյանքը հայրենիքին զոհաբերած լեգենդ: Դու առաջնորդվում էիր Հայաստանի ազգային հերոս Մոնթեի խոսքերով՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» ու դու՝ հանուն քո սիրած հերոս Մոնթեի, հանուն քո որդի Մոնթեի, քո կյանքը զոհաբերեցիր հայրենիքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 284+
284+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր