211652_close_icon
views-count1422 դիտում article-date 19:28 06-04-2014

Թբիլիսահայերը Քեսաբահայության աջակցության բողոքի ցույց են անցկացրել և կոչ արել ՄԱԿ-ին պատժել Թուրքիային

[url=http://armenian-community.ge/News/472]armenian-community.ge. [/url]Ապրիլի 6-ի վաղ առավոտյան Թբիլիսի քաղաքի Սբ.Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ սիրիական պատերազմի խաղաղ զոհերի հիշատակի հոգեհանգստի արարողությունը: Հենց նույն օրը կայացավ բողոքի ցույց Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակի դիմաց: Ակցիայի ընթացքում ներկայացվեց հայկական հասարակական կազմակերպությունների դիմումը ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին համապատասխան քայլեր ձեռնարկելու և խաղաղ բնակչությանն անվտանգությամբ ապահովելու կոչով: Դիմումի մեջ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները նաև կոչ արեցին ՄԱԿ-ին իրավական գնահատական տալ Թուրքիայի գործողություններին և պատասխանատվության ենթարկել նրան խաղաղ հայ բնակչության հանդեպ ցեղասպանական քաղաքականություն վարելու և թուրք պետության կողմից տեխնիկական և քաղաքական աջակցություն տրամադրելու խաղաղ քաղաքի վրա հարձակված տարբեր ահաբեկչական իսլամիստական կազմակերպություններին: ՄԱԿ-ի գրասենյակի առջև անցկացրած ցույցից հետո մասնակիցները քայլերթով կենտրոնական մայրուղիով ուղղվեցին դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ ևս կայացավ բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցների հիմնական կարգախոսներն էին. «Թուրքիա՝ մարդասպան», «Հեռո՛ւ ձեռքերդ Քեսաբից» և այլն: Ընդհանուր առմամբ,անցկացված ցույցին մասնակցում էր ավելի քան 250 մարդ: Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում ՄԱԿ-ին ուղղված դիմումը՝ ստորագրված Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների կողմից. ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար պարոն Պան Գի Մունին պարոն Պան Գի Մուն, Ահա արդեն չորրորդ տարին է, ինչ Սիրիայի Արաբական Հանրապետությունում չեն դադարեցվում ռազմական գործողությունները` տարբեր տվյալների համաձայն` խլելով 100.000 կյանք, այդ թվում նաև այդ պետության խաղաղ բնակիչների: Սիրիական ճգնաժամի սկզբում սկսեցին տարածվել տեղեկություններ այն մասին, որ երկրի կառավարությանը Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներից բացի ընդդիմություն են ցուցաբերում նաև արտասահմանյան պետությունների քաղաքացիներ` ծայրահեղականության տարբեր մակարդակի իսլամիստական ռազմականացված խմբավորումներից կազմված, այդ թվում նաև այնպիսիներից, որոնք ՄԱԿ-ի անդամ-երկրների մեծամասնության կողմից ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ: 2014թ.-ի մարտի 21-ին տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակում է կատարվել Սիրիայի քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա: Խաղաղ քաղաք Քեսաբի վրա հարձակման արդյունքում նրա բնակիչները` 2000-ից ավել խաղաղ քրիստոնյա բնակիչ, որոնց մեծամասնությունը ազգությամբ հայ Սիրիայի քաղաքացիներ են, ստիպված են եղել լքել իրենց տները, թողնել տասնամյակների ընթացքում իրենց կուտակած ունեցվածքն ու փրկություն փնտրել Սիրիայի այլ բնակելի վայրերում: Զինված իսլամիստական ահաբեկիչների կողմից քաղաք Քեսաբի գրավումից հետո վերոնշյալները բազմաթիվ բարբարոսական գործողություններ են կատարել` քանդել և կողոպտել են քիրստոնեական կրոնական շենքեր և հաստատություններ, քաղաքացիական և մասնավոր շինություններ (դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրի կենտրոններ և այլն): Կարևոր ենք համարում հիշեցնել Ձեզ, որ Քեսաբ քաղաքի բնակիչները եթարկվել են հետապնդման և կոտորածի 1909թ.-ին թուրքական իշխանությունների կողմից, իսկ 1915-23թթ. թուրքական պետության կողմից հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության ընթացքում, սպանվել է հայաբնակ Քեսաբի ավելի քան 5000 բնակիչ: Զայրույթ է առաջացնում այն փաստը, որ զինված ահաբեկիչների հարձակումը Քեսաբ քաղաքի վրա կատարվել է թուրք-սիրիական սահմանի կողմից: Այն փաստը, որ Թուրքիան թույլ է տվել զինված ահաբեկիչներին անարգելք հատել պետական սահմանը Սիրիայի հետ, ինչպես նաև տարածված, այդ թվում նաև ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունների կողմից տարածված բազմաթիվ նյութեր վկայում են, որ թուրքական հանրապետությունը խաղաղ քաղաք Քեսաբի վրա հարձակված ահաբեկիչներին ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերել: Հիմնվելով ԶԼՄ-ներում տարածված թուրքական հանրապետության գերագույն կառավարության գաղտնի բանակցությունների ձայնագրությունների, ինչպես նաև Թուրքիայի վարչապետի հայտարարության և բազմաթիվ այլ նյութերի վրա` հաստատվում է, որ Թուրքիայի Հանրապետության կողմից ահաբեկչական կազմակերպություններին բացի տեխնիկական աջակցությունից ցուցաբերվել է նաև քաղաքական աջակցություն: Մենք` ներքոստորագրյալ Վրաստանի հայկական հասարակական կազմակերպություններս, կոչ ենք անում Ձեզ. Հատուկ ուշադրություն դարձնել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում իսլամիստական զինված կազմակերպությունների ռազմական ներխուժման ընթացքում տեղի ունեցող մարդու հիմնարար իրավունքների համապարփակ խախտումներին և միջազգային հումանիտար նորմերի կոպիտ խախտումներին: Ուսումնասիրել ունեցած փաստերը, որոնք ապացուցում են խաղաղ քաղաք Քեսաբի վրա զինված հարձակում կատարած իսլամիստական կազմակերպություններին Թուրքիայի Հանրապետության տեխնիկական և քաղաքական աջակցությունը: Տալ համապատասխան իրավական գնահատական Թուրքիայի Հանրապետության գործողություններին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նրան խաղաղ հայ բնակչության, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիների հանդեպ ցեղասպանական քաղաքականություն վարելու համար: Վրաստանի Հայ Համայնք Վիրահայոց Թեմի «Հայարտուն» Մշակութալուսավորչական Կենտրոն Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդ Թբիլիսահայերի Վեհաժողով Թբիլիսահայերի Միություն Համահայկական ֆորումի մասնակիցների միջազգային ասոցիացիա «Armenian ArtHall» ինտերնետ հրատարակչություն

Նմանատիպ նյութեր