211652_close_icon
views-count1132 դիտում article-date 16:25 15-02-2023

Թուրքիան չի օգնում երկրաշարժից տուժած քրդաբնակ շրջաններին․ քրդական համայնքը բողոքի ցույց է արել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի թուրքական իշխանությունները ազատ արձակեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանին և օգնություն ցուցաբերեն ավերիչ երկրաշարժից տուժած քրդերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցարարները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից՝ տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, վիրավորվել և բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։

«Երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են։ Եկել ենք զորակցություն հայտնելու երկրաշարժից տուժած քուրդ ժողովրդին և հարգել զոհերի հիշատակը և ասել, որ թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից և չեն վերացնում երկրաշարժի հետևանքները։ Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների անգործությունը։ Այս ֆոնին նաև խնդրում ենք միջազգային հանրությունից, որպեսզի օգտագործեն իրենց հնարավորությունները և ազատեն մեր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»,- ասաց Հասանովը։

Նմանատիպ նյութեր