211652_close_icon
views-count1173 դիտում article-date 20:09 08-04-2014

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին: Հայաստանի Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ հայ-թուրքմենական հարաբերությունների, Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի համար: Սերժ Սարգսյանը խոսելով երկու ժողովուրդների պատմականորեն ձևավորված հարաբերությունների մասին՝ նշել է, որ դրանք հարյուրամյակների պատմություն ունեն՝ հայ-թուրքմենական առաջին շփումները հասնում են մինչև 13-15-րդ դարեր: Նախագահի համոզմամբ, պատմական անցյալը վկայում է երկու ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի, դժվարին պահին միմյանց աջակցելու պատրաստակամության վրա հիմնված խորը հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանն այդ համատեքստում երախտագիտությամբ է հիշել բարեկամ թուրքմեն ժողովրդի սրտացավ և հյուրընկալ վերաբերմունքը դժվարին իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր որպես փախստականներ լաստանավերով հասել են նախկին Կրասնովոդսկ՝ փնտրելով փրկություն 20-րդ դարի ինչպես սկզբում, այնպես էլ վերջում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ: Նախագահը գոհունակությամբ է խոսել Թուրքմենստանում տարբեր բնագավառներում զգալի հաջողությունների հասած հայերի մասին, ընդգծելով, որ նրանք միշտ պատրաստակամությամբ և անկեղծ ցանկությամբ են մասնակցություն ունեցել Թուրքմենստանի զարգացման, հետագա բարգավաճման գործին: Թվարկելով մի շարք անուններ՝ Նախագահը նշել է, որ այդպիսի անունները և օրինակները հայ և թուրքմեն ժողովուրդների բարեկամական հարաբերությունների պատմության մեջ մեծաթիվ են: Սերժ Սարգսյանը կարևորել է հարաբերությունների նման բնույթը պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը, որին է միտված նաև ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Թուրքմենստան: Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է բաժակ բարձրացնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման ու երկու երկրների ժողովուրդների խաղաղության և բարեկեցության համար:

Նմանատիպ նյութեր