211652_close_icon
views-count1023 դիտում article-date 15:32 17-04-2014

Առաջարկվում է Հայաստանում ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և դրանով իսկ ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Օրենքի ընդունմամբ կբարձրանա ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը, քանի որ նրանց կտրամադրվի իրավական պաշտպանության նոր արդյունավետ գործիք: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փախստականների և ապաստանի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին: Ակնկալվում է, որ օրենքների ընդունման դեպքում կնվազի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, կպարզեցվի և կավտոմատացվի անձի նույնականացման գործընթացը, կմեծանա «անցանկալի» անձանց հայտնաբերման հավանականությունը, փաստաթուղթ տալու համար գանձվող տուրքը չի գերազանցի ներպետական անձնագիր տալու համար գանձվող նվազագույն վճարը: Գործադիրը հավանություն է տվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Դրա ընդունմամբ նախատեսվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման աջակցության և պաշտպանության ՀՀ-ում գործող ընթացակարգերը համապատասխանեցնել Եվրախորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին 107-րդ կոնվենցիայի դրույթների պահանջներին: Նիստում հավանություն է տրվել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է սահմանել արտոնագրված անձանց նոր գործառույթները, խթանիչ մեխանիզմներ ստեղծել որոշ ոլորտների համար: Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ դատական օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է դատական համակարգ ներդնել դատավորների գնահատման ընթացակարգեր, ինչը հնարավորություն կտա մշակել դատավորների գործունեության, աշխատանքի արդյունավետության մասին դատելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ մշակելու հարուստ և հուսալի տեղեկատվական շտեմարան: Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:

Նմանատիպ նյութեր