211652_close_icon
views-count1173 դիտում article-date 18:52 18-04-2014

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» փոխնախագահ Ֆրանկ Էնգելին: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և կարևորել ակտիվ երկխոսությունը եվրոպական համայնքի մեր բարեկամների հետ, որը, նրա խոսքով, դրական լիցք է հաղորդում Հայաստան - ԵՄ հարաբերություններին: Այսօրինակ հանդիպումները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են ինչպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, այնպես էլ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների շուրջ մտքեր փոխանակելու համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Նախագահը երախտագիտություն է հայտնել «ԵՄ-Հայաստան բարեկամության խմբին»՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության և Հայաստանին մշտապես սատարելու պատրաստակամության համար: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգում փոփոխություն տեղի չի ունեցել, և մեր երկիրը վճռական է շարունակելու ԵՄ-ի հետ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի, և Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր