7224 դիտում
20:57 19-04-2014
Արմավիրի մարզում 23-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջնակին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Ավան գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Գասպարյանը Նոր Ավան գյուղում իր կողմից վարած Վազ 2107 մակնիշի 01 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Լուկաշեն գյուղի բնակիչ, 7-ամյա Էլմիրա Նազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխային մարմնական վնասվածքներով հայրը տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով՝ երեխան մահացել է;
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը: