14244 դիտում
23:14 13-06-2014
Ողբերգական վրաերթ` Արարատի մարզում. 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ՎԱԶ 21015 մակնիշի 35 VL 609 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի Վանաշեն գյուղի վարչական տարածքում, նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վանաշեն գյուղի բնակիչ 12-ամյա Աննա Հովհաննեսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ա. Հովհաննեսյանը Վեդու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահանում է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Արշակ Թարվերդյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո վարորդն ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին ու հիմա դեպքի վայրում ՃՈ տեսուչ Ռուստամ Ռուստամյանը, գազի համապատասխան ծառայության աշխատողների հետ, փորձում են ավտոմեքենան, քննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխել ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Հովհաննեսյանը սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում, իսկ վրաերթ կատարողը եղել է ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր ոստիկանության ավագ լեյտենանտ 30-ամյա Արտակ Աշոտի Բարսեղյանը: