8267 դիտում
21:17 26-04-2014
Երևանում Opel-ը, անցնելով կարմիր լույսի տակով, բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X5-ին և Ford-ին. նոր մանրամասներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, երեկ՝ ապրիլի 25-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Ատոմ Գրիգորյանը, ով աշխատում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության անտառային մոնիթորինգի կենտրոնում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ Opel-ի վարորդ Գ. Գրիգորյանն աշխատում է «Յուքոմ» ընկերությունում՝ որպես համակցման ավագ տեխնիկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավոը եղել է Opel-ի վարորդը, ով Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը հատել է կարմիր լույսի տակ, իսկ նրա կատարած խախտումը, որը վթարի պատճառ է դարձել, արձանագրել են խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ, 24-ամյա Խաչատուր Սաֆարյանի վարած BMW X5 մակնիշի 10 ՈL 100 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 34 AD 907 համարանիշի ավտոմեքենաները, իսկ Opel-ն էլ բախվել էր թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի 35 DD 535 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեջ հայտնված BMW X5 մակնիշի 10 ՈL 100 համարանիշի ավտոմեքենան 24-ամյա Խաչատուր Սաֆարյանը վերջերս էր գնել և դեռ չէր հասցրել այն անվանափոխել, իսկ նշված ավտոմեքենայի նախկին սեփականատեր ու վարորդը 2012 թվականի հուլիսի 22-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 39-ամյա Արամ Մարգարյանին, ով փողոցն անցնելիս էր եղել չթույլատրելի հատվածով, և թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Հետիոտնը տեղում մահացել էր: Մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները հայտնաբերել էին «BMW X 5»-ը՝ վնասված վիճակում:
Մահվան ելքով վրաերթի համար ոստիկաններին էր ներկայացել Արմեն Հարությունյանը և հայտնել, որ վրաերթի հեղինակը ինքն է:
Ա. Հարությունյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում, բարձր պաշտոններ է վարել, իսկ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, բարձր պաշտոններ է վարել գլխավոր դատախազությունում և այն ժամանակ աշխատում էր Էներգետիկայի փոխնախարար և «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դեռ այն ժամանակ ինքը զանգվածային լրատվության մի քանի միջոցների, այդ թվում «Առավոտ», «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերին, ինչպես նաև «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների միջոցով հայտնել էր, որ իրականում վրաերթը կատարել է Տարոն Հարությունյանը, սակայն հանցանքը իր վրա է վերցնում հայրը՝ Արմեն Հարությունյանը:
Ի դեպ, հետագայում պարզվում է, որ իրականում վրաերթը կատարել էր 19-ամյա Տարոն Հարությունյանը, ով Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հանձնվել էր ծնողի դաստիարակությանն այն բանի համար, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (նախկին «Ժողինստիտուտ») կրակոցներ էր արձակել:
Հայրը՝ Ա. Հարությունյանը, դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Այդ ընթացքում Հարությունյանները սպառնում էին դատական պատասխանատվության ենթարկել ֆոտոլրագրողին և այն օրաթերթերին, հեռուստաընկերություններին և էլեկտրոնային լրատվամիջոցներին, որոնք լրատվություն էին տարածել, որ իրական հանցագործը ազատության մեջ է: Նրանք պատճառաբանում էին, որ արատավորվել է իրենց բարի համբավը: Այնուամենայնիվ, քննչական մարմինը և Երևան քաղաքի դատախազությունը կարողացան հավաքել անհրաժեշտ ապացույցներ և փաստեր, ու բացատրական աշխատանքների արդյունքում Տարոնը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարվածը:
Հայրն ազատվում է կալանքից, իսկ տղայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրությամբ չհեռանալու մասին:
Ներկայացնում ենք 2012 թվականի մահվան ելքով վրաերթի վայրի քննչական փորձարարության լուսանկարների շարք, որոնք կատարվել են Գ. Շամշյանի կողմից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25666 դիտում
19:27 19-12-2014
«Գոլդ» համարանիշներով Toyota Camry-ի վարորդը երթևեկում է հանդիպակաց և անցնում կարմիր լույսի տակով. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ