211652_close_icon
views-count1055 դիտում article-date 15:03 07-05-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Դեսպանը Գալուստ Սահակյանին փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, բարձր գնահատեց հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց երկկողմ կապերի հետագա խորացումը: ԱԺ նախագահը, նշելով, որ միջխորհրդարանական կապերը մշտապես բարձր մակարդակի վրա են եղել, վստահություն հայտնեց, որ համագործակցության ու բարեկամության ավանդույթները կշարունակվեն: Խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ հայ-չինական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Չինաստանի դեսպանը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացումը՝ նշելով, որ միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը լավ օրինակ է մյուս ոլորտներում փոխգործակցության զարգացման համար: Նա գոհունակությամբ փաստեց, որ հայ -չինական հարաբերությունները արագ տեմպերով զարգանում են եւ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա եւ նշեց, որ չինական կողմը նախատեսում է ընդլայնել ներդրումային ծրագրերը Հայաստանում: Նա բարձր գնահատեց Հայաստանի ջանքերն ուղղված տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաջողություններ եւ առաջընթաց կունենա եւ կարեւորեց ՀՀԿ դերը երկրում կայունություն ապահովելու գործում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր