1660 դիտում
20:46 07-05-2014
Քեսաբահայերի օգնության ֆոնդին փոխանցված գումարների չափը. 12 մլն ՀՀ դրամ, 378 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար ռուբլի, 5 հազար եվրո
Մայիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանը ներկայացրեց վերջին շրջանում Սիրիայում տիրող վատթար իրավիճակը: Նա նշեց, որ Սիրիայի հյուսիս, հյուսիսարևելյան շրջաններից Հալեպի հայկական թաղամասերի վրա հարձակված զինյալների գործողությունների հետևանքով հալեպահայերի գոյությունը վտանգված է: Մարդկանց կենսագործունեության համար բացակայում են նվազագույն պայմանները, ազգաբնակչությունը բռնել է արտագաղթի ճանապարհը: Չնայած այս ամենին՝ ոչ մի հայկական դպրոց և եկեղեցի չի դադարեցրել իր գործունեությունը Սիրիայում: Այսօր Քեսաբը ամբողջովին հայաթափված է: Պետք է ամեն կերպ երկխոսության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը և նորից վերակառուցել Քեսաբը: Հարություն Սելիմյանը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերը սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու համար և շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար: Սիրիայում գործող շտապ օգնության մարմինները ամենօրյա աշխատանքներ են տանում օրհասական վիճակում գտնվող սիրիահայերին աջակցելու համար:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել Թուրքիայի Վաքըֆ գյուղում գտնվող 22 հայերի անունները՝ նրանց Լաթաքիա իրենց ազգականների մոտ տեղափոխելու նպատակով: Նախարարը նշեց, որ եթե հնարավոր լինի կազմակերպել սիրիահայ երեխաների տեղափոխումը Հայաստան, սփյուռքի նախարարությունը պատրաստ է նրանց ընգրկել նախարարության ծրագրերում, կազմակերպել նրանց ամառային հանգիստը ճամբարներում:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրեց երևանաբնակ սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության 2014 թվականի ծրագրի կատարման ընթացքը: Երևանի քաղաքապետարանը շարունակում է աջակցությունը սոցիալապես կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Նախապես կատարվել է սիրիահայ ընտանիքների ուսումնասիրություն և կարիքների գնահատում: Դրամական աջակցություն է տրամադրվել 79 սիրիահայ ընտանիքի: 283 սիրիահայերի տրամադրվել են կենցաղային, պարենային ապրանքներ, հագուստ, գրենական պարագաներ: Կան պետական սոցիալական աջակցության ծրագրերում ընգրկված սիրիահայ ընտանիքներ: 2014թ ՀՀ քաղաքացիություն ունեցող 28 սիրիահայեր հաշվառվել և ձեռք են բերել կենսաթոշակ ստանալու իրավունք: Շեշտվեց, որ առաջնահերթ խնդիրներից է բնակարանների վարձավճարների փոխհատուցումը: 179 սիրիահայ ընտանիքների տվյալները փոխանցվել են «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը բնակարանային վարձավճարները փոխհատուցելու նպատակով: Ներկայացվեց նաև դպրոցներում սիրիահայ աշակերտների ինտեգրման նպատակով նրանց համար կազմակերպված արտադասարանային մշակութային, ռազմահայրենասիրական դասընթացների, ճանաչողական այցելությունների կազմակերպումը: Աշակերտներն ամբողջությամբ ընդգրկված են տարաբնույթ կրթական և մշակութային ծրագրերում: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ քաղաքացիների համար նախատեսված հիմունքներով սիրիահայ ընտանիքներին ևս սոցիալական ապահովության նպաստների տրամադրումը:
Սիրիահայերի աջակցության ուղղությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին զեկուցեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշեց, որ 80 մլն դրամ տրամադրվել է սիրիահայերի ուսման վարձավճարների, բուժման և այլ ծախսերը հոգալու նպատակով: Առաջիկա օրերին 60 հազար դոլար կփոխանցեն Սիրիայում Հայաստանի դեսպանություն՝ քեսաբահայերին օգնելու նպատակով: Գումարների մեծ մասը փոխանցել են Հայաստանցի գործարարները:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ներկա պահին քեսաբահայերի օգնության ֆոնդին փոխանցված գումարների չափը. 12 մլն ՀՀ դրամ, 378 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար ռուբլի, 5 հազար եվրո:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության գրասենյակի ղեկավար Արամ Խաչատրյանը ներկայացրեց սիրիահայերի աջակցությանն ուղղված աշխատանքները: Կատարվել է սիրիահայերի փետրվար, մարտ, ապրիլ ամիսների բնակվարձերի և կոմունալ ծախսերի փոխհատուցում, առաջիկայում ևս նախատեսվում է հաջորդ երեք ամիսների վարձավճարների փոխհատուցում: Կատարվել է նաև 100 ընտանիքի բնակարանային վարձավճարի փոխհատուցում՝ 50 հազար դրամի չափով: Օգնության նպատակով ընտրվում են սոցիալապես անապահով, եկամտից զուրկ կամ նվազագույն եկամուտ ունեցող ընտանիքներ, ծերեր, բազմանդամ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք:
Հայ օգնության միության կատարած աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց ՀՕՄ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նարինե Գալստյանը: Նա նշեց, որ 2014թ. ընթացքում Հայ օգնության միությունը 125 հազար դոլար է ուղարկել Սիրիա՝ սիրիահայերի կարիքները հոգալու համար, որից 75 հազար դոլարը տրամադրվել է հայկական վարժարանների ֆոնդին՝ նրանց գործունեությունը շարունակելու նպատակով: «Տաքուկ բնակարան» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել182 ընտանիքի:
Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ճգնաժամը Սիրիայում գնալով խորանում է, և մենք պետք է պատրաստ լինենք ընդունել հայրենիք վերադարձող սիրիահայերի նոր հոսքի: Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նախարարը կարևորեց արտակարգ իրավիճակում հայկական սփյուռքին օգնության կազմակերպման ռազմավարության մշակումը:
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
14:40 04-04-2014
ԵՊՀ-ն 1 մլն դրամ է փոխանցել քեսաբահայերի օգնության համար բացված հաշվեհամարին
Այս բաժնից
658 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
703 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
694 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են