211652_close_icon
views-count63140 դիտում article-date 14:35 01-12-2023

Տավուշի մարզում թալանել են հայաստանյան հայտնի բանկերից մեկի Իջևանի նախկին կառավարիչի ավտոմեքենան. տարել են 1 մլն 320 հազար ՀՀ դրամ, 2450 ԱՄՆ դոլար և 120 հազար ՌԴ ռուբլի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին է ահազանգել Աչաջուր գյուղի բնակիչ՝ 42-ամյա Հրանտ Ղալթախչյանը և հայտնել, որ նոյեմբերի 27-ի՝ ժամը 23:30-ից մինչև նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում, Աչաջուր գյուղում, օգտվելով իրեն պատկանող Audi A4 մակնիշի ավտոմեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել են այնտեղ եղած գումարը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազորի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը:

Տեղում Հ. Ղալթախչյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ավտոմեքենայի սրահի պահոցից անհայտ անձը կամ անձինք գողացել են 1 մլն 320 հազար ՀՀ դրամ, 2450 ԱՄՆ դոլար և 120 հազար ՌԴ ռուբլի: 

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ղալթախչյանը երկար տարիներ աշխատել է հայաստանյան հայտնի բանկերից մեկի Իջևանի մասնաճյուղի կառավարիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր