211652_close_icon
views-count33843 դիտում article-date 12:51 10-05-2014

Հարություն Մովսիսյանը՝ «օրենքով գողերին» կերտած դերերի, նրանց կողմից մեքենա նվեր ստանալու, ինչպես նաև այն մասին, թե որտեղից է գալիս «Քերոբ» բառը, երբ «օրենքով գողերին» կարող են «պասլատ անել» և ավելին

Նախօրեին դերասան Հարություն Մովսիսյանին հանդիպեցինք Էջմիածնի Մայր տաճարում եւ փոքրիկ զրույց ունենանք հատկապես հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին կերտած նրա դերերի, նրա եւ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հարաբերությունների մասին: Ավելին` նա ասաց, որ «օրենքով գողերից» մեկն առաջարկել է, որ նրան ավտոմեքենա նվիրեն, որը դեռ տեղ չի հասել: Հարություն Մովսիսյանը նաեւ ընդգծեց, որ հարգում է «օրենքով գողերին» և հպարտանում, որ իր հետ ընկերություն են անում եւ նրանց նախապատմությունից ու «կանոնադրությունից» մի քանի դրվագներ պատմեց: Ինչպես նաեւ «Քերոբներին» համեմատեց հրեշտակների հետ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը հարցազրույցը ներկայացնում է ստորեւ. [b]-Էջմիածին եկել էիք մոմ վառելու՞, թե՞ Մանվել Գրիգորյանին տեսնելու: [/b] -Ե՛վ մոմ վառելու ե՛ւ հաղթական տոների հետ կապված Մանվել Գրիգորյանին շնորհավորելու: [b]-Վաղու՞ց եք ծանոթ նրա հետ: [/b] -Մոտ 5 տարի: [b]-Իսկ ինչպե՞ս ծանոթացաք: [/b] -Ե՛ս Մանվել Գրիգորյանի հետ ծանոթանալու ցանկություն հայտնեցի: Նա սիրով հյուրընկալեց ինձ իրենց տանը: Երկուսս էլ շատ մեծ փոխադարձ համակրանք ունեինք իրար հանդեպ: Իմ հայրը շատ հայրենասեր էր եւ շատ ոգեւորվում էր Մանվելի պես տղաներով, ովքեր ազգի մեջքին են կանգնում եւ ազգի ուժը ճիշտ են օգտագործում: «Երկրապահ» բառն իր մեջ արդեն այնքան իմաստություն, ուժ, հոգի եւ ոգի ունի, որ ինքը ինձ շատ հարազատ է: Ես ինքս ինձ իմ բնավորությամբ, ողնաշարով, ողնուծուծով երկրապահ եմ համարում: ԵԿՄ անդամ չեմ, բայց այդ ամենը բեմի վրա եմ անում: Ես էլ եմ նվիրյալ իմ դերին, ժողովրդին: Մանվել Գրիգորյանն անսահման բարի մարդ է: Երկուսս էլ աշխարհը ճանաչելու մեծ կարողություն, նուրբ զգայարաններ ունենք: Ինքը կարող է մի բան ասել, որը կարող է 3 տարի հետո իրականանալ: Նա շատ-շատ ազնիվ, մաքուր մարդ է: Ընտանիք, երեխա, հայրենիք սիրող մարդուն չի կարելի ուրիշ տերմին կպցնել: Իսկ եթե վախենում են, ուրեմն ամբարտավան են ու անօրեն: Ինքը անօրինություն չի սիրում, որովհետեւ հայրենիք սիրող է: Մի օր պատմեց, որ միակողմանի ճանապարհով դիմացից մեքենա է եկել: Մեքենան կանգնեցրել են, ասել է. «Ինչի՞ ես խանգարում երթեւեկությանը»: Կիսահարբած վարորդը ասել է. «Լավ եմ անում»: Հիմա դե ասա, դրան ի՞նչ աներ: [b]-Եվ ի՞նչ է արել: [/b] -Դե, պարզ ա, ինչ պետք է արած լինի, որ գնա մի 5 օր մտածի, թե ինչի է ապրում ընդհանրապես: Ճի՛շտ հասկացեք, ես ամպագոռգոռ բառեր չեմ ասում: Մենք ողնուծուծով հողի մեջ մտած տղերք ենք, մեր ազգը պաշտող տղերք ենք: Մեզ այդ որակներն են ձգում իրար: [b]-Իսկ ձեր կերտած դերերում նրան մոտ կերպարներ մարմնավորե՞լ եք: [/b] -Վերջին դերս, որ խաղացի «Մուսա լեռան 40 օրը»-ում, Գաբրիել Բագրատյանին էի մարմնավորում: Գաբրիել Բագրատյանը ինքը հենց մուսալեռցի է եւ գալիս ու փրկում է ժողովրդին: 2-3 տեղերում այդ դերում ուղղակի Մանվել Գրիգորյանին եմ տեսնում: Ժողովրդի հետ խոսում, ասում է՝ մենք մեր ձեռքերով, ատամներով, եղունգներով պետք է փորփրենք, սատկացնենք, սպանենք մեզ սպանողին: Ինչ կմնանք, կմնանք, կամ էլ չենք մնա: Նա չի գնում դեպի ստրկության վիհը, չի գնում ողորմություն խնդրելու: [b]-Ինչքան գիտեմ, դուք Արցախյան ազատամարտին չեք մասնակցել, չէ՞: [/b] -Չէ, չեմ մասնակցել, բայց ես խաղացել եմ թատրոնում: Տղաները գալիս, նայում, ոգեւորվում ու գնում էին պատերազմ: [b]-Անգամ ասում էին, որ Մանվել Գրիգորյանը, ձեր դերերը հավանելով, ձեզ ավտոմեքենա է նվիրել, այո՞: [/b] -Չէ, չէ, դա իր հետ կապ չունի: [b]-Այսինքն` մեքենան նա՛ չի նվիրել, բայց ինչ-որ մեկը նվիրել է: [/b] -Չէ, ուղղակի հանցագործ աշխարհից մեկը նման բան ասել է: Ասել է՝ մարդը լավ խաղում է, նրան մեքենա նվիրենք: Բայց ասողը ուժեղ մարդ է ասել: Այդ մեքենան դեռ տեղ չի հասել, բայց եթե նման բան լինի, ես սիրով կընդունեմ այն: Եթե դա սրտով ու հոգով է նվիրված, ես սիրով կընդունեմ եւ բոլորին այդ մասին կասեմ: Ավելին, իր եւ իր ընտանիքի համար ամեն անգամ մոմ կվառեմ: [b]-Ինչպես հասկացա, ձեր կերտած դերերը հանցագործ աշխարհում էլ են քննարկվում: Իսկ դերերը խաղալուց առաջ նրանց հետ քննարկում, համաձայնեցնու՞մ եք, թե՞ ոչ: [/b] -Իհարկե, իրենք էլ են մեր դերերին հետեւում: Նրանք ընտրյալ տեսակներ են: Իրենց փիլիսոփայության, «ուստավի» տակ ընդամենը մեկ բան է՝ դու ով ես, քեզնից ինչ ես ներկայացնում, մաքրությունն է, ազնվությունը: Թույլին, չունեւորին օգնելն է: Չի կարելի թույլին անարգել, ձեռք առնել, տանջել. ո՞վ ես դու, քեզ ո՞վ է այդ իրավունքը տվել, դրա համար «Քերոբ» բառը գալիս է Քերովպեյից` հրեշտակից: Նրանց այդպիսի անուն են տվել: Դրա պատմությունը կա, որ իրենք դեպի դրականի եւ ազնիվի կողմն են: Իմ շատ մոտիկ «օրենքով գող» ընկերը, ում անունը հիմա չեմ կարող տալ, քանի որ իր հետ չեմ համաձայնեցրել, ամեն օր եկեղեցի է գալիս: Նա ինքն այսօր շատ մեծ դեմք է եւ, եթե մարդկանց մեջ քայլի, չեն ճանաչի: Ես հպարտ եմ, որ նրանց հետ ընկերություն եմ անում, որովհետեւ իրենք իրենք իսկապես խելոք տղերք են: Նա կարող է բացատրել, օրինակ, այս երկաթի քիմիական բաղադրությունը: Այդքան զարգացած են: [b]-Իսկ պատահե՞լ է, որ ինչ-որ միջադեպի, խնդրի առաջ կանգնեք եւ դուք ինքներդ դիմեք «գողականին»: [/b] -Չէ, չէ, նման բան չի եղել: Բայց ունեմ շատ մոտ «գողական» ընկեր, ումից խորհուրդներ եմ միշտ հարցնում: Մենք նույնիսկ բարեկամ ենք: [b] -Մեր «օրենքով գողերը» ինչո՞վ են տարբերվում այլ երկրների «օրենքով գողերից»: [/b] -Ուրիշների մոտ շատ են, իսկ մեզ մոտ՝ քիչ, բայց մերոնք որակով են: Վրաստանում տասից մեկը «օրենքով գող» է: Նրանք անգիր գիտեն, թե որտեղ ինչ է կատարվում, ով ինչ խոսեց, աշխարհի որ անկունում ինչ է կատարվում: Խելքի ծով են: Շատ մեծ հարգանք ունեն իրենց կանանց եւ աղջիկների նկատմամբ: Անգամ վտանգն են զգում: Օրինակ, 2 հոգով մի տեղ կանգնած լինեն եւ առաջին հայացքից թվացող խաղաղ իրավիճակում վտանգը զգում են եւ աչքերով իրար բացատրում են, թե ինչ գործողություններով պետք չեզոքացնեն վտանգը: Նրանք մի երեք րոպե նայում են իրար եւ իրար հայացքով գործողություններ բացատրում: Դա հետաքրքիր է, չէ՞: Նույնիսկ Հոլիվուդում նման բան չեն նկարել: [b]-Իսկ ֆիլմերում հանցագործ աշխարհին վերաբերող տեսարանները չափազանցվա՞ծ են, թե՞ իրականությունն են արտացոլում: [/b] -Ես որտեղ խաղացել եմ, իրականությունն է արտացոլվել, դրա համար սիրվել են այդ դերերը: [b]-Իսկ ո՞ր դեպքերում նրանք սպանությունը չեն արդարացնում եւ ո՞ր դեպքերում են «օրենքով գողերին» կարգալույծ՝ «պասլատ» անում: [/b] -Եթե երեխա է սպանել, անմեղ աղջկա է բռնաբարել, սպանել է, ինչա, թե բերաններից բան չթռցնեն: Այդպիսիներին սպանում են, կիսում: Այդ ամենը չի ընդունվում: Իսկ կարգալույծ են անում, երբ իրենց «կանստիտուցիային» հակառակ են գործում: Չի կարելի «պլան քաշել», «սրսկվել»: Նրանք բարձր արժեքներով եւ արժանապատիվ սկզբունքներով ապրող մարդիկ են: Եվ նորից եմ ասում, որ հպարտ եմ, որ նրանց հետ ծանոթ եմ, իսկ ոմանց հետ էլ ընկերություն եմ անում: [b]-Պարոն Մովսիսյան, գիտեմ, որ շտապում եք: Շնորհակալ եմ զրույցի համար եւ հուսով եմ, որ այն առաջիկայում շարունակական կլինի: [/b] -Սիրով: Ես էլ եմ շնորհակալ: Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b] Լուսանկարները՝ [b]ԼԵՎՈՆ ԱՄԻՐԶՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր