211652_close_icon
views-count2207 դիտում article-date 21:38 21-05-2014

Հայաստանը մեր տունն է. ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի փառատոնը մեկ հարկի ներքո

Մշակույթների բազմազանության պահպանման հարցն արդի աշխարհում կարևորագույն խնդիրներից է, և Հայաստանի Հանրապետությունը մեկն է այն երկրներից, որ հավատարիմ սեփական Սահմանադրության ու վավերացված կոնվենցիաների դրույթներին, պետականորեն է լուծում ազգային փոքրամասնությունների իրավահավասարության, սոցիալ-մշակութային զարգացման, կրթության և կենսագործունեության բոլոր խնդիրները: Հատկապես նշանակալի են ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող փառատոները, որոնց շնորհիվ ՀՀ ազգային փոքրամասնությունները ոչ միայն պահպանում են իրենց ազգային դիմագիծը, այլև կրթում մատաղ սերնդին, հայտնաբերում նոր ստեղծագործողների և կատարողների, ստեղծում խմբեր ու համույթներ: Մշակութային բազմազանության օրվա առթիվ, ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ս. թ. մայիսի 21-ին, ժամը 17:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացնի ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի «Հայաստանը մեր տունն է» խորագրով փառատոնը՝ դեկորատիվ- կիրառական արվեստի իրերի ցուցադրությամբ և համերագային ծրագրով: Համերգային ծրագրին կմասնակցեն ՀՀ ազգային 11 փոքրամասնությունների 15 խմբեր. 2 խմբով կներկայանա հունական համայնքը, 3 խմբով` ասորականը /Վերին Դվին, Դիմիտրով և Վերին Արտագերս գյուղերի դպրոցականները/, որոշ խմբեր՝ հրեականը, վրացականը, լեհականը, ուկրաինականը, բացի իրենց ազգային երգարվեստից, կներկայացնեն նաև հայկական ստեղծագործություններ: Փառատոնին առաջին անգամ իր մասնակցությունը կբերի հունական «Խարիտոնի» վոկալ-գործիքային համույթը /ղեկավար` ՀՀ ժող. արտիստ Անժելա Աթաբեկյան/, որը հանդես կգա հայ-հունական ժողգործիքների /քանոն, բուզուկի/ զուգորդմամբ: Խմբերը ելույթ կունենան բեմական նոր հագուստներով, որոնք ձեռք են բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ: Ս. թ. մայիսի 21-ին, ժամը 16:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի «Հայաստանը մեր տունն է» խորագրով փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, փառատոնի համակարգող Արմենուհի Դեմիրճյանը, ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի համակարգող խորհրդի նախագահ Ռազմիկ Խոսրոևը, Եզդիների համայնքի անդամ Օմար Մամոյանը:

Նմանատիպ նյութեր