1112 դիտում
19:00 22-05-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում
Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
փոխնախագահներ,
հարգելի պատգամավորներ,
նախևառաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբեյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները: Շատ առաջարկներում և հարցերում՝ թե´ քննադատական, թե´ սատարող, ես տեսա մտահոգություն, տեսա գործնական ցանկություն՝ Հայաստանի Հանրապետության իրավիճակը դեպի լավը փոխելու:
Մենք գրանցել ենք հնչած բոլոր մտքերը և դրանց անպայման անդրադառնալու ենք քաղաքականության մշակման կամ իրականացման փուլում` բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածության անկեղծ հրավերով:
Միաժամանակ ինձ ցավ է պատճառում, որ մեր քաղաքական մշակույթում դեռևս առկա է ծրագրային փաստարկների բացակայության դեպքում հարցը քաղաքական գործիչների անհատական անվանարկման մաղձոտ դաշտը տեղափոխելու պրակտիկան: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա է սպասում քաղաքական գործիչներից, և իմ կարծիքով՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք սեփական ընտրողների նկատմամբ:
Հարգելի գործընկերներ,
իշխանությունը և ընդդիմությունը գտնվում են մի նավում, և մենք բոլորս նավարկում ենք միասին, այսինքն՝ մեր երկրի համար յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր չափով: Այդ տեսակետից իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ կարող է համարվել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը: Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության և ժողովրդի մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից և իշխանության հետ իր ունեցած տարաձայնություններից: Հարգելի ընդդիմադիրներ, մտածեք այս մասին:
Ես ցանկանում եմ, ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և բոլորին հորդորել, առաջարկել, խնդրել. իմ նպատակն է, որ մենք հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում աշխատենք բոլորս միասին: Դա իմ ցանկությունն է և առաջարկը:
Շնորհակալ եմ:
Նմանատիպ նյութեր
1635 դիտում
16:12 20-05-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս
5075 դիտում
13:28 26-05-2014
Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ քննարկվում է բյուջեի կատարողականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7220 դիտում
15:43 22-06-2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում
Այս բաժնից
865 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
757 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան