211652_close_icon
views-count1119 դիտում article-date 16:23 11-06-2014

Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին

Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին: Հունիսի 11-ին Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները և լուծել փաստաթղթերի կազմման հետ կապված տեխնիկական հարցեր: Մասնավորապես` որոշվել է հաստատել անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից իրականացվող փորձաքննության միասնական ձևը, սահմանել նորմատիվ-տեղեկատվական տվյալների փոխանակման տեխնիկական պայմանները: Հավանության է արժանացել ՄՄ տարածքում, որպես ապրանքի փաստացի դուրսբերումը հաստատող հիմնական միջոց, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգի կիրառման նախագիծը: Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդը դիտարկել է նաև մաքսային հսկողությունը հետբացթողումային փուլում առավել շեշտադրելու ուղղությամբ միասնական մոտեցումների ձևավորման և խողովակաշարային ու էլեկտրահաղորդման ուղիներով ապրանքների տեղափոխման նկատմամբ հատուկ մաքսային հսկողություն սահմանելու հարցերը: «Հսկողությունը հայտարարագրման փուլից հետբացթողումային փուլ տեղափոխելու նախաձեռնությունն առաջին հերթին բիզնեսի շահերից է բխում և նպաստելու է մաքսային գործընթացների իրականացման արագացմանը»,-նշել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը: Խորհուրդը դիտարկել է մաքսային գործընթացների իրականացումն այն ապրանքախմբերի դեպքում, որոնց միջազգային փոստային առաքումը ՄՄ մաքսային օրենսգրքով արգելվում է: Քննարկվել են նաև փաստաթղթաշրջանառության կրճատման, ապրանքների դասակարգման ներդաշնակեցված համակարգի կայացման, ինչպես նաև տարանցիկ փոխադրումների դեպքում ապրանքաշրջանառության իրականացման համար երաշխիքների ապահովման վերաբերյալ առաջարկները: Օրակարգում է եղել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկողության իրականացման ժամանակ ՄՄ անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը: Բացի այդ, խորհրդի որոշմամբ շարունակվելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար բարենպաստ պայմաններ ստեղծվել մաքսային և հարկային վճարումների կատարումը վկայող հավաստագրի կիրառման դեպքում: Վլադիմիր Մալինինը նկատել է, որ ՄՄ և Հայաստանի միջև աշխատանքային ռեժիմով մշտական երկխոսություն է իրականացվում. «ՌԴ մաքսային ծառայությունն իր հերթին աջակցություն է ցուցաբերում Հայաստանին միությանն անդամակցելու ճանապարհին` ուղարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ծանոթացնելով ՄՄ մաքսային օրենսգրքին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր