1698 դիտում
12:39 12-06-2014
Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու աննախադեպ քայլ է անում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար: Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս, ներդնել և 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել ձեռքբերումները փաստաթղթով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության դեպքում ներդնել հարկման արտոնյալ համակարգ, մասնավորապես՝ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ ազատել պետական հարկերից, սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրացման հասույթը նախորդ կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 մլն դրամը և այլն:
Օրինագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, իրոք ՀՀ ֆինանսների նախարարությունը տևական ժամանակ զբաղվել է օրինագծի մշակմամբ: Ես վերջին անգամ երեկ եմ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այս խնդրում Ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին, այն է` խոշոր գործարարը հարկային դաշտում աշխատի և ՓՄՁ-ն չդիտարկվի որպես հարկատու: Սա է մեր գաղափարը, և իմ կարծիքով մենք հաջողության կհասնենք, եթե հետևողական լինենք: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մեծ քայլ է կատարվում, որպեսզի իրոք կայանան: Սա է մեր նպատակը»:
ՀՀ կառավարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի համաձայն ոլորտի բարեփոխումն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել այն նմանօրինակ կենտրոնների միջոցով զարգացնելու մոտեցումը: Դրա համար անհրաժեշտ է կրթական համակարգ ներգրավել լավագույն կադրերին, կիրառել միջազգային փորձը, բացահայտել և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերած ուսուցիչներին, զարգացնել մանկավարժների ազգային հավաստագրման ծրագիրը և այլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է կրթության ոլորտի այս բարեփոխման ընթացքի մասին մամուլի միջոցով պարզաբանում տալ հանրությանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. հունիսի 18-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգ ներառելով մի շարք հրատապ և անհետաձգելի հարցեր:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը ներկայացրել է Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը: Նախարարության պաշտոնյաներն ամենօրյա ռեժիմով տեղեկություն են ստանում Վրաստանի իրենց պաշտոնակիցներից: Անբարենպաստ եղանակը թույլ չի տալիս արագացնել աշխատանքը, սակայն հնարավոր է, որ երթևեկությունը վերականգնվի ս.թ. հունիսի 14-15-ին:
Նմանատիպ նյութեր
1001 դիտում
13:38 05-03-2015
Կառավարությունն աջակցում է փոքր և միջին ձեռնարկատերերին
3801 դիտում
15:00 13-04-2020
Անհատ ձեռնարկատերերին աջակցելու 457 հայտից հաստատվել է 70-ը
1381 դիտում
12:11 03-04-2014
Գործադիրը ջանքեր է գործադրում փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար
Այս բաժնից
931 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
955 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»