211652_close_icon
views-count1341 դիտում article-date 14:24 16-06-2014

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» 2014թ ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը

Հունիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հյուրընկալ ընտանիքներին, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Նախարարը կոչ արեց այս հնարավորությունն առավելագույնս օգտագործել՝ հասակակիցների հետ ընկերանալու, Հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու համար: Նախարարը հորդորեց լավ սովորել մայրենին և հայրենի երկրի պատմությունը, կարևորեց, որ աշխարհի բոլոր ծայրերում նրանք լինեն գիտելիքներով հարուստ և մրցունակ երիտասարդներ: Ավանդույթի համաձայն՝ նախարար Հ.Հակոբյանը ծրագրի մասնակիցներից մեկին՝ Թուրքմենստանից ժամանած տասներեքամյա Սամվել Հայրապետյանին, հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը և գլխարկը: Ելույթով հանդես եկավ և ծրագրի կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ասաց Սուխումի շրջանի Յաշթխուայի թիվ 1. դպրոցի ուսուցչուհի Տիգուշ Հարությունյանը, ով Աբխազիայից ժամանած մասնակիցների խմբի ղեկավարն է: Ծրագրի շրջանակներում մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում: Նշենք, որ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցում են 65 պատանիներ և աղջիկներ 5 երկրից: Ծրագրի բացմանը ներկա էին նաև հյուրընկալ ընտանիքների անդամներ:

Նմանատիպ նյութեր