211652_close_icon
views-count1205 դիտում article-date 18:00 16-06-2014

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կկիրառվի մանրէային թոքաբորբերն ու մենինգիտները կանխող պնևմակոկային պատվաստանյութը

2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, որի արդյունավետության մասին վկայում է աշխարհի փորձը։ Պնևմակոկային հիվանդությունների համաճարակաբանության և պատվաստումների վերաբերյալ անցած շաբաթ տեղի ունեցավ ազգային խորհրդակցություն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և Առողջապահության համաշխահային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի նախագահությամբ։ Մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներ, ինչպես նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Նորվեգիայի փորձագետներ: Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը /Streptococcus pneumonia/ : Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները, ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։ Ակնկալում ենք, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը։ Դրանով իսկ կվերահսկենք մանկական մահացությունը։ Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի փորձագետ Մարիաննե Բերգսակերը ներկայացրեց, որ իրենց երկրում մինչև յոթավալենտ կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը, պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող պնևմակոկի 7 շճատիպերը (4, 6B, 9V, 14, 18C, 19F и 23F) վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ պնևմակոկային հիվանդությունների պատճառն էին: 2006 թվականին պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո՝ 7 տարվա կտրվածքով, մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով՝ մինչ ներդրումային (2004-2006թթ.) ցուցանիշների համեմատությամբ: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասսիվ շրջանառության հետ և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ: Ամփոփելով խորհրդակցությունը, Առողջապահության համաշխահային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագիրը եվրոպական տտարածաշրջանում ամենահաջողվածներից է, և բոլորի խնդիրն է չբավարարվել ձեռբերումներով ու ձգտել ավելի մեծ նվաճումների։

Նմանատիպ նյութեր